galatv.am – «Ժողովրդի մեծամասնությունն արդեն ելել է Քեսաբ և փորձում են տեղավորվել, իրենց տնտեսությունը նորոգել: Մենք էլեկտրականությունը, ջուրը, ճամփաները, հեռաձայները փորձում ենք կարգի գցել, ապահովել, որպեսզի ժողովուրդն ավելի արագ կերպով վերադառնա կենցաղին: Առաջիկա տասը օրվա մեջ պետք է աշխատենք, որպեսզի բոլոր քեսաբցիները իրենց տներում լինեն: Քեսաբն արդեն քեսաբցիներով է»:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը: Վերջինս ընդգծեց, որ իհարկե գաղթած ժողովուրդ են իրենք, և որոշակի խնդիրներ կան՝ կապված տնտեսության և գյուղատնտեսության հետ, քանզի քեսաբցիները մեծամասամբ գյուղատնտեսությամբ են զբաղվում. «Սակայն մենք հայերս կարծես միշտ ենք կարողանում վերականգնել ու վերադառնալ կենցաղին: Կարծում եմ ամեն ինչ լավ կլինի: Այս պարագայում կարևորը, որ մենք մեր հողերին ենք վերադարձել, վերադարձել ենք մեր տները, մենք Քեսաբը ետ ենք վերադարձրել, և սա է ամենից կարևորը»:

Քաղաքապետը շարունակելով նշեց, թե հիմա արդեն Քեսաբում բավականին հանգիստ է իրադրությունը. «Քեսաբում հիմա բավականին հանգիստ է, ոչինչ էլ չի կատարվում, այստեղ հիմա շատ ապահով է: Մենք հիմա քանդածն ենք նորոգում, որպեսզի վերադառնանք մեր կենցաղին ու մեր առօրյային: Ամեն ինչ ավերված է, մարդկանց տները քանդված են, և հիմա մենք փորձում ենք նորոգել, որպեսզի մարդիկ արդեն իրենց տներում կարողանան գիշերել: Մեծամասնությունն արդեն տեղավորվել է: Մի քիչ ժամանակ է պետք, և մենք ամեն ինչ տեղը կգցենք, կտեղավորվենք, ու ամեն ինչ կարգին կլինի: Կարևորը մեր Քեսաբում, մեր հողում ենք արդեն, իսկ մնացածը ժամանակի հարց է»:

Զառա Ղազարյան