aysor.am – Երեկվա տվյալներով` Քեսաբ է տեղափոխվել շուրջ 250 հայ ընտանիք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ շարունակելով, որ թեև մարդկանց հոսքն այսօր էլ շարունակվում է դեպի Քեսաբ, բայց այնտեղ ապրելը դեռևս անվտանգ չէ:

Նրա խոսքով՝ չկան ոչ անվտանգության երաշխիքներ, որ հերթական անգամ հարձակումներ չեն լինի, բացի այդ՝ քաղաքը զրկված է էլեկտրականությունից, ջրից և կապի միջոցներից, իսկ տների մեծ մասը ավերակների են վերածվել:

«Այս պահին Քեսաբում շարունակվում է ականազերծման գործընթացը, բայց դեռ վտանգավոր է այնտեղ տեղափոխվելը»,- հավելեց նա:

Հարցին՝ եթե անվտանգ չէ, ապա ինչո՞ւ են վերադառնում, արաբագետն ընդգծեց, որ հոգեբանական նրբություններ կան, որոնք պետք է հաշվի առնել:

«Մարդիկ ամիսներ շարունակ երազել են, որ Քեսաբը կազատագրվի, կվերադառնան իրենց տները»,- նկատեց նա:

Պետրոսյանը համոզված է, որ հայաշատ թաղամասերը հայաթափելը հիմնականում պայմանավորված է ընտրություններով: Նա նշեց, որ մինչև նախագահական ընտրությունները զինյալները միտումնավոր փորձեցին բախվել հայերի հետ ու դրանով իսկ ազդել հայ համայնքի դիրքորոշման վրա:

«Թեև մինչև ընտրությունները հայ համայնքը հայտարարում էր չեզոքության մասին, բայց ընտրություններին մասնակցելով՝ ակնհայտորեն աջակցեց Ասադին: Ուզում էին այնպես անել, որպեսզի հայ համայնքը հրաժարվի այդ ընտրություններին մասնակցելուց»,- ասաց նա:

Արաբագետի համոզմամբ՝ Հայաստանում մենք ավելի տեղեկացված ենք, քան սիրիահայերը՝ Սիրիայում: Նրա խոսքով՝ նրանց հրամցվում է այն ինֆորմացիան, ինչը որ պետք է:

«Հստակ միտումներ կան, որոնք իրականացվում են սիրիական իշխանությունների և հայ համայնքի կողմից, որով չեն ուզում մարդկանց մոտ կոտրել առկա հավատքն ու հույսը: Կան նաև սոցիալական խնդիրներ, որոնք խանգարում են սիրիահայերին մնալ հենց այստեղ՝ Հայաստանում: Տեղափոխվելով այնտեղ՝ նրանք մի կողմից վտանգում են սեփական անվտանգությունը, իսկ մյուս կողմից՝ փորձում են լուծել հացի խնդիր: Ոչ մի տեղ նրանք չեն կարողանում գտնել այն, ինչ ունեցել են Սիրիայում: Բնակարանի հարց կա, աշխատանքի ու օրվա ապրուստի հարց… համայնքն ի սկզբանե երկընտրանքի առջև է կանգնած եղել: Չկա համարժեք առաջարկ, որպեսզի նրանք տեղափոխվեն Հայաստան: Այդ ընտրությունը թողնված է յուրաքնչյուրի անհատական որշման վրա»,- հավելեց նա: