panorama.am – Քեսաբ ավանի ազատագրման մասին լուրը լսելուն պես ավանի և շրջակա գյուղերի բնակիչներն անհամբեր կապել են ճամպրուկներն ու սպասում են տուն վերադարձին: Մի մասն արդեն գնացել է տեսել, թե ինչ վիճակ է. կենցաղային պայմաններն ապահովելուց հետո արդեն մյուսները կվերադառնան տուն:
«Անշուշտ վերադառնալու ենք»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում գտնվող քեսաբահայ Աստղիկ Աշըգյանը և հավելեց, որ ծնողները պիտի գնան հնարավորինս շուտ:
Նա նշեց, որ կապ են հաստատել, տեղեկացել են, որ իրենց տան դռներն ու պատուհանները կոտրված են, ունեցվածքը, գյուղատնտեսական ապրանքները գողացած:
«Քեսաբում, ճիշտ է, տներն այրված են ու թալանված, բայց ոչ մի թուրք չկա: Ժողովուրդը Լաթաքիայից գնում է Քեսաբ: Միայն տղամարդիկ են գնում, որ տեսնեն ինչպես է, կարգավորեն, հետո ընտանիքները տանեն: Հայաստանից այսօր երեկոյան մեկը գնում է:
Ամենքը փորձում են օր առաջ հասնել տուն»,- Panorama.am-ին ասաց Քեսապ հայրենակցական միավորման քարտուղար Վահան Սարմազյանը:
Քեսաբում տիրող իրավիճակին հետևում է նաև Հայաստանի Սփյուռքի նախարարությունը: Աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձևավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ այսօր առավոտյան նախարարը խոսել է Քեսաբի ղեկավար Վազգեն Չափարյանի հետ, նրանց մոտ բարձր տրամադրություն է, Լաթաքիայում ապաստանած ընտանիքները վերադառնում են Քեսաբ:
«Այս պահի դրությամբ Քեսաբում տարվում են ջրամատակարարման և էլեկտրասնուցման վերականգնման աշխատանքներ: Տներ կան, որ վնասված են, այրված, բայց մեծ մասը չի տուժել և լրացուցիչ վերանորոգման կարիք չունեն: Վնասված տների վերանորոգումից հետո նրանց տերերն էլ կվերադառնան»,- ասաց Ֆիրդուս Զաքարյանը:
Աիրիահայերի հարցերով ձևավորված հանձնաժողովի նախագահը նշեց, որ աջակցություն եղել է, կա և լինելու է: Դրսի հայկական համայնքը ևս օգնություն է կազմակերպել: Այս պահին մարդիկ իրենց տները վերանորոգելու համար լրացուցիչ գումարի կարիք ունեն:
«Այս հարցը տարբեր մակարդակներում քննարկվում է, մեր սփյուռքյան համայնքները ևս իրենց հանգանակած գումարից բաժին կհանեն դրա համար»,- վստահեցրեց Ֆիրդուս Զաքարյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանում ապաստանած քեսաբահայերի վերադարձի խնդրին, նա նշեց, որ շատերը չէին եկել այս իրադարձությունների արդյունքում: Մարդկանց մի մասն այստեղ է, քանի որ Երևանում սովորող ուսանողներ ունեն, նրանց ուսման հարցերը կարգավորելու էին եկել նաև:
«Հիմա Քեսաբի ազատագրումից հետո նրանց մեծ մասը նորից վերադառնալու ցանկություն է հայտնել: Միայն ուսանող ունեցող ընտանիքները կշարունակեն ամառն էլ մնալ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հայաբնակ Քեսաբ ավան ու շրջակա գյուղերը սիրիական բանակն ազատագրել է հունիսի 14-ին: Իլամիստները Թուրքիայի կողմից հայաշատ Քեսաբ ավանի վրա հարձակվել էին մարտի 20-ի լույս 21-ի գիշերը: Տեղի բնակչությունը տարհանվել էր Լաթաքիա: