tert.am – Հալեպում ներկայում իրավիճակը հանդարտ է, տեղեկացնում են Tert.am-ի հալեպահայ աղբյուրները։

Նրանք նշում են, որ թեև Նոր գյուղում երեկ մի քանի հրասանդի արկ է ընկել, սակայն դրանցից երկուսը չեն պայթել և որևէ վնաս չեն հասցրել։

Սակայն քաղաքում դարձյալ անջատված է ջրամատակարարման համակարգը։ Արդեն մի քանի օր է՝ մարդիկ խմելու ջուր գտնելու խնդրի առաջ են կանգնած։

Քաղաքում դարձյալ սկսել են օգտագործել դպրոցների, եկեղեցիների ու մզկիթների բակերում փորված հորերի ջուրը, ինչը հնարավոր է օգտագործել բացառապես կենցաղային նպատակներով։

Չնայած համեմատաբար հանդարտ վիճակին՝ հալեպահայերը շարունակում են զգուշավոր լինել։ Հայ համայնքին պատկանող մի շարք կառույցների ներքնահարկերում ապաստանած ընտանիքներից շատերը դեռ այնտեղ են, մյուսները փորձում են իրենց վնասված կամ քանդված տներից դուրս բերել առաջին անհրաժեշտության առարկաները և դրանք տեղափոխել իրենց ժամանակավոր կեցավայրեր։

Բնակարանների վերանորոգման մասին, բնականաբար, դեռևս չեն մտածում, սակայն որոշ խանութների մուտքերն ու արտաքին ցուցափեղկերը նորոգվում են։

Շտապ օգնության մարմնի հայ երիտասարդները փորձում են օգնության ձեռք մեկնել բոլորին՝ մաքրելով թափված քարերը՝ թե՛ սոցիալական, թե՛ անվտանգության հարցերով օգնություն հասցնելով մարդկանց։