tert.am – ՀՀ Սփյուռքի և արտաքին գործերի նախարարությունները մշտապես կապի մեջ են հայ համայնքի և Սիրիայում հայաստանյան դիվանագիտական կառույցների հետ: Tert.am-ի գրավոր հարցմանը, թե հալեպահայերն ահազանգում են, որ կործանման վտանգի առաջ են, մինչդեռ «անհասկանալի և անընդունելի ձևով լուռ են թե՛ պաշտոնական, թե՛ հասարակական կողմերը», պատասխանել են Սփյուռքի նախարարության մամուլի բաժնից։

Նախարարությունից տեղեկացնում են, որ վերջին օրերի աղետալի իրադարձությունները Սիրիայում դարձյալ կորստաբեր են եղել հայ համայնքի համար: Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասում ռումբի պայթյունից զոհվել է երեք (Ռահել Դավիդյան, Միսաք Պարգև Պոշկեզենյան, Անդրանիկ Գանթարճյան) և վիրավորվել երկու հայ (Մանուկ Ղազարյան, Հովսեփ Արամյան):

«Կատարվել է վերլուծություն և իրավիճակի գնահատում: Չի գործում Հալեպի օդանավակայանը, վտանգված են ցամաքային ճանապարհները: Չնայած այս ամենին՝ նախատեսվում է հումանիտար օգնության կազմակերպում Լաթաքիայով: Կշարունակվի օժանդակությունը Հայաստան ժամանած սիրիահայ ընտանիքներին»,-նշվում է նախարարության գրավոր պատասխանի մեջ:

Միաժամանակ՝ տեղեկացվում է, որ սփյուռքյան համայնքները կրկին իրենց ձայնն են բարձրացնում՝ ի պաշտպանություն և աջակցություն սիրիահայության:

«ԱՄՆ Հայ Դատի գրասենյակից հայտնել են, որ ամերիկաբնակ հայերն իրենց անհանգստությունն են հայտնել Հալեպի հայաբնակ շրջաններում սաստկացած հարձակումների առնչությամբ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը բոլորին կոչ է արել դիմել ԱՄՆ նախագահին՝ պահանջելով դադարեցնել Հալեպում քրիստոնյաների և քաղաքացիական անձանց ռմբակոծումը, ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս չխոչընդոտի Եփրատի ջրի ազատ հոսքը Սիրիա: Հալեպի վերջին օրերի իրադարձությունների հետ կապված՝ խիստ մտահոգություն է հայտնել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ՝ հիշեցնելով քրիստոնյա համայնքների դիմագրաված մարտահրավերները Միջին Արևելքում»,-նշում են նախարարության մամուլի ծառայությունից: