ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանը պաշտոնական համաձայնագիր է ստորագրել Սիրիայի Ընտանեկան հարցերով նախարար Քինտա ալ Շամմաթի հետ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Դամասկոսի ս. Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից: Համաձայնագիրը ստորագրվել է երկկողմանի համագործակցության և մարդասիրական օժանդակության կազմակերպման վերաբերյալ: Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել Ազգային իշխանության քաղաքական ժողովի անդամներ ատենապետ Ավո Ոսկյանը, ատենադպիր Մովսես Հալաջյանը, Ավո Ջուլֆայանը և Աբրահամ Աբրահամյանը:

Աղբյուրի տեղեկացմամբ, ավելի վաղ Դամասկոսի առաջնորդը ներկա է գտնվել Ասորի ուղղափառ եկեղեցու նորընտիր պատրիարքի՝ Իգնատիոս Աֆրամ Բ-ի գահակալության հանդիսավոր արարողությանը: Տ. Արմաշ Սրբազանը այնտեղ ընթերցել է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի շնորհավորական ուղերձը և Իգնատիոս Աֆրամ Բ Պարիարքին է հանձնել Գարեգին Բ Կաթողիկոսի նվերը: