1in.am – Երեկ Սիրիայում նախագահական ընտրություններ էին՝ երեք տարի շարունակվող արյունալի քաղաքացիական պատերազմի ֆոնին: Թեկնածուներն էին ներկայիս նախագահ Բաշար Ասադը, Հալեպից՝ կոմունիստ պատգամավոր Մահեր Աբդել Հաֆիզ Հաջերը և գործարար, նախկին նախարար Հասան Աբդել Իլյահի Ալ-Նուրին: Գրանցվել էին 15.8 մլն ընտրողներ: Պարզ է, որ ընտրությունները բոյկոտելու Արևմուտքի աջակցությունը վայելող ընդդիմության որոշման պատճառով ձայների մեծամասնությունը ստացել է Բաշար Ասադը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը պարզաբանեց, թե երկրի քաղաքական կյանքում ինչ կփոխեն որևէ դասավորություն չփոխող ընտրությունների այս արդյունքները: Ընտրությունների արդյունքները, նրա խոսքով, դեռ պաշտոնապես չեն հայտարարվել, հիմա կատարվում է ձայների հաշվարկ, սակայն ընդհանուր ստեղծված տրամադրությունը և իրենց քաղածը, լսածը, տեսածը, քվեատուփ բացողների հայտարարությունները հուշում են, որ Բաշար Ալ-Ասադը երրորդ ժամկետում վերընտրվեց որպես Սիրիայի նախագահ:
«Սիրիական պատերազմի առաջին օրերին ԱՄՆ պահանջը Սիրիայից հետևյալն էր՝ պետք է կատարվի իշխանափոխություն, և նախագահ Ասադը իջնի գահից: Այդ օրերին պալատի հետ կայացան մի շարք խորհրդակցություններ, կարծես տեղի ունեցավ ձևական համաձայնություն, որ Ասադն իր նախագահական ժամանակաշրջանը ավարտում է և իրեն չի առաջադրում որպես թեկնածու: Սակայն կուսակցությունն առաջադրեց նրա թեկնածությունը: Որպեսզի այս ընտրությունը վավերականություն ունենա՝ հրավիրվեցին Կանադայից, Իրանից, Եվրոպայից խորհրդարանականներ՝ որպես ընտրությունների դիտորդներ:
Ի զարմանս նախորդ տարիների՝ այս անգամ ժողովուրդն ազատ էր իր ընտրության հարցում, ժողովրդավարական ընտրություններ էին բառիս բուն իմաստով: Ավելի կարևոր էր ԱՄՆ-ից մի խորհրդարանականի ներկայությունը. երեկ կարդացի Ֆորդի արտահայտությունը, ով ասում է, թե ԱՄՆ-ն անցնող երեք տարիների ընթացքում Սիրիայի համար ոչ մի նպաստավոր քաղաքական գործունեություն չի ծավալել և գրեթե ոչինչ չի բարելավել սիրիական ընդհանուր իրավիճակում: Սա առիթ է տալիս ասելու, որ ԱՄՆ-ն այս ընդհանուր իրավիճակում ձախողեց, և հիմա երևի այնպես կլինի, որ Ասադի վերընտրվելու մասին հայտարարություններից հետո ընտրության արդյունքները չճանաչվեն: Երբ այդ ճանաչումը կգտնի, և ես կարծում եմ՝ կգտնի, Սիրիայի ընդդիմադիր կողմն այլևս ձեռնունայն կմնա, և իրենց համար լեզու գտնելն ու համագործակցության եզրեր որոնելն ավելի ձեռնտու կլինեն, քան պայքար մղելն ու ընդհանրապես դրամ մսխելը: Սա լինելու է այս պատերազմի քաղաքական ելքը:
Մնում է, որ դա իր համապատասխան թարգմանությունն ունենա ռազմական, սոցիալ-տնտեսական ոլորտներում, կամաց-կամաց պետք է այլևս սկսվի վերակառուցում, առողջացում: Կսկսվի կառուցվել նոր Սիրիան»,- մեկնաբանեց Սելիմյանը:
Նրա խոսքով՝ նոր Սիրիան կդառնա արաբական աշխարհի առաջին երկիրը, որն իր կառավարական դրվածքում ընդհանրապես որդեգրում է ժողովրդավարական սկզբունքներ: Սրանից հետո, նրա համոզմամբ, բարեկարգությունը կներթափանցի ընդհանուր Սիրիայի սոցիալ-տնտեսական իրականություն: Սելիմյանի որակմամբ՝ Սիրիան Մերձավոր Արևելքում պետք է դառնա դեմք և հաղթանակած դուրս գա իր արաբիզմով և այդ գաղափարախոսությամբ:
Անդրադառնալով հայ համայնքին՝ նա ասաց, որ հայ համայնքը մեծ մասամբ մասնակցել է ընտրություններին: Նրա խոսքով՝ մի շարք հայեր վախից դուրս չեն եկել իրենց տներից, որովհետև վախենում էին, որ որևէ տեղ պայթյուն կլինի: «Բայց բոլորն էլ Բաշար Ասադի կողմից էին: Երբ խաղաղությունը հաստատվի, պատերազմն ավարտվի, և Սիրիան վերաշինության ծրագրեր մտնի, Հայաստան գնացած հայերը անպայման պետք է վերադառնան, քանի որ կցանկանան իրենց տնտեսական վիճակը բարելավել»,- ասաց նա:
Արաքս Մարտիրոսյան