ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մայիսի 30-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Ֆրիեդերիկ Օտտո Բիերուիրթին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիահայերին կացարանով ապահովելու, ՀՀ սփյուռքի նախարարության ու ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության հուշագրի ստորագրման հետ կապված հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կկազմակերպի Հայաստան տեղափոխված սիրիահայերի կենսագործունեությանը և հիմնախնդիրներին նվիրված ֆիլմերի նկարահանումը:

Նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ ՓԳՀ գործունեությունը սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն աջակցելու գործում: ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակը աջակցություն է ցուցաբերում սիրիահայերին նաև Հայաստանի մշակութային կյանքում ինտեգրվելու հարցում: Բիերուիրթին ընդգծել է հատկապես սիրիահայ մանուկների «Շառավիղ» երգչախմբի հունիսի 1-ին կայանալիք համերգի կազմակերպմանն աջակցության մասին: