ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավորության մայիսի 29-ի որոշմամբ զինվորական ծառայությունից ազատված մի խումբ սիրիահայերը հոգևորականներ են և հոգևոր ծառայություն կանցնեն Սիրիայում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե Սփյուռքի նախարարությունն այդ քայլով խրախուսում է պարտադիր զինծառայությունից խուսափելը: «Հայաստանի Հանրապետության Զինապարտության մասին օրենքով ՀՀ քաղաքացիները պետք է պարտադիր զինվորական ծառայություն անցնեն: Դա նաև սահմանադրական նորմ է, սակայն օրենքը ունի որոշակի կետեր, որով ասում է, թե որ դեպքում գիտնականը, երեք-չորս երեխա ունեցող քաղաքացին կարող է ազատվել կամ տարկետում ստանալ: ՀՀ կառավարությունը տասնյակ տարի է՝ տալիս է տարկետում ուսանողներին, հոգևորականներին, այս երկու կատեգորիաներին հիմնականում, որպեսզի նրանք կամ սովորեն, կամ ծառայություն անցնեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը՝ ընդգծելով, որ կառավարության երեկվա որոշմամբ Սփյուռքի նախարարության կողմից ներկայացրած չորս սիրիահայերը Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբաններ են և զինծառայությունից ազատվել են Սիրիայում, Հորդանանում և Լիբանանում ծառայության անցնելու համար:

Հակոբյանի խոսքով, Սիրիայում հոգևորականն այսօր բանակին հավասար ծառայություն է իրականացնում: «Երբ Քեսաբի հայությանը դուրս արեցին, Լաթաքիայի եկեղեցին ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցրեց, և եկեղեցական ծառայողներն էին ծառայում՝ 370 մարդու համար կերակուր, հագուստ, սնունդ բերելու հարցում»,-ասաց նախարարը: