news.am – Հայաստանի սփյուռքի նախարարությունում, մայիսի 25-ին, տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:
Ողջունելով ներկաներին՝ Հ. Հակոբյանն ասաց. «Հայաստան հիմնադրամը մեր նորանկախ պետականության կարեւոր ձեռքբերումներից է, մի զորավոր ցանց, որը մեծապես նպաստում է համահայկական խնդիրների լուծմանը: Ձեր նվիրումի ու ակտիվության շնորհիվ հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը, նպաստում Հայաստանի ու Արցախի բարեկարգմանը, ապահովում է բազում ազգաշահ ծրագրերի շարունակականությունը»:
Նախարար Հ. Հակոբյանը ներկայացրեց գերատեսչության հնգամյա գործունեությունը եւ իրականացրած ծրագրերը, նա հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներին կոչ արեց առաջիկայում առավել արդյունավետ համագործակցել, նպաստել համայնքների ներգրավվածության ընդլայնմանը Սփյուռքի նախարարության ծրագրերում:
«Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ձեռնարկները տեսաշարով ներկայացրեց ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Այնուհետեւ ելույթ ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի վարչության գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա շնորհակալություն հայտնեց հանդիպումը կազմակերպելու համար եւ ներկայացրեց համագործակցության հետագա հնարավորություններն ու դրանց հետ կապված խնդիրները: Ա. Վարդանյանը կարեւորեց սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ նախարարության հետ համատեղ իրականացրած ծրագրերը եւ առաջիկա անելիքները:
Իրենց դիտարկումներն ու մտահոգությունները ներկայացրեցին եւ առաջարկություններով հանդես եկան Հայաստան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները:
Ամփոփելով հանդիպումը՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց հիմնադրամի կենտրոնական եւ տեղական մարմիններին միանալ նախարարության կողմից ձեւավորած տեղեկատվական դաշտին, պարբերաբար տրամադրել իրենց կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ, համագործակցել ազգային ներուժի համախմբման ու արդյունավետ կիրառման եւ այլ համահայակական նշանակության ծրագրերի իրականացման գործում:
Վերջում տեղի ունեցան քննարկումներ: