ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեր Զորում մայիսի 16-ին զոհված Անդրանիկ Քահքեջյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր՝ մայիսի 22-ին, Սիրիայի ժամանակով 15:30-ին Հալեպի ս. Աստվածածին եկեղեցում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի տեղեկատվական գրասենյակից: Անդրանիկ Քահքեջյանը Հալեպից էր և ծառայում էր սիրիական բանակում:
Համացանցում տարածվել է Անդրանիկ Քահքեջյանի հրաժեշտի նամակը՝ ուղղված իր մորը. «Մամա՛, եթէ նահատակուիմ, մի՛ լար, ճակատդ բարձր, քալէ դագաղիս ետեւէն. ես նահատակուեցայ յանուն Սուրիոյ, հպարտացի՛ր, հերոսի մայր ես»:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ մայիսի 17-ին հայկական Նոր Գյուղ թաղամասում հրասանդների և հրթիռների պատճառով վիրավորված Նվարդ Մարգեյանը մահացել է: Նվարդը նույն օրը փլատակների տակ հայտնաբերված Հարութ Մարգեյանի մայրն է:
Մայիսի սկզբից մինչև այժմ Հալեպում վիրավորվել են մոտ երեք տասնյակ հայեր: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: Զոհված հայերի թիվը մոտենում է 100-ին: