a1plus.am – Քեսաբը վերադարձնելու համար մարտերը շարունակվում են: Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս ուրախալի նորություններ չունեն, բայց հույսով ու հավատով սպասում են:
«Լավ ենք, լավ, փառք Աստծո: Նորություններ դեռ չկան, առաջանում է զորքը՝ միայն այս է դեռ, այլ նորություն չկա: Այո, մենք էլ ենք մասնակցում կռիվներին: Ամեն օր, ամեն օր ելնում ենք, կռիվ տալիս»,- ասաց նա:
Քաղաքապետի խոսքով` քեսաբահայությունը դեռ ոչնչի կարիք չունի: Լաթաքիայում ապաստան գտած քեսաբահայերն ամեն ինչով ապահովված են:
«Միայն պետք է մի քիչ համբերել, ամեն ինչ լավ է, միայն մի քիչ համբերություն: Քիչ կորուստներով կարող ենք Քեսաբը վերադարձնել, շատ վնասներ չենք կրել: Քեսաբահայերը լավ են, ամեն ինչով ապահովված են, ոչ մի բանի կարիք չունեն, միայն Քեսաբն են կարոտում»,- ասաց նա: