ԵՐԵՎԱՆ 30 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միայն աղմուկ բարձրացնելով անհնար է քեսաբահայերի խնդիրը լուծել, իսկ Save kessab հեշթեգը տարածելով անհնար է տեղահանված 670 քեսաբահայ ընտանիքներին ապահովել բնակարանով կամ առաջին անհրաժեշտության օգնությամբ: Հենց այդ նպատակով ու սեփական նախաձեռնությամբ Վարուժան Ավետիքյանը սկսել է դրամահավաքություն հանուն քեսաբահայերի: «Պատմությունը կրկնվում է հարյուր տարի անց, եւ հայկական միջավայրում՝ թուրքերի միջամտությամբ եւ աջակցությամբ կրկին հայեր են տեղահանվում: Մեր հայրենակիցները տեղահանված են եւ նրանց մեր օգնությունն է անհաժեշտ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասում է անհատ նախաձեռնող Վարուժան Ավետիքյանը՝ հավելելով, որ սոցիալական ցանցերում հայրենասիրական ստատուսներ գրելու փոխարեն անհրաժեշտ է անցնել կոնկրետ գործողությունների:

Մինչ դրամահավաքությունը, Ավետիքյանը նախ հանդիպել է Լաթաքիա այցելած հայ պատգամավորներն, ճշտել, թե հայերն այնտեղ ինչպե՞ս են ապրում եւ առաջնահերթ ինչի՞ կարիք են զգում: Մի քանի հարյուր ընտանիք դեռ բնակվում են Լաթաքիայի հայկական եկեղեցու բակում կամ ժամանակավոր տանիք են գտել բարեկամների մոտ: Հետեւաբար, նրանց առաջնահերթ անհրաժեշտ է բնակարան, սնունդ եւ դեղորայք: Հաշվարկվել է, որ չորս հոգանոց ընտանիքի մեկ ամսվա ծախսը կազմում է 600 դոլար՝ բնակարանի վարձակալություն, սնունդ, դեղորայք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ:

Կար նպատակ, կար նաեւ հստակ ծրագիրը, մնում էր ամենադժվարը՝ համոզել մարդկանց, որ գումար տրամադրեն: Առաջարկությունն ու նախաձեռնությունը Facebook-ի միջոցով է արվել: Ավետիքյանը խոստովանում է, որ գրեթե ողջ օրն անցկացնում է համակարգչի առաջ, օգտատերերին համոզում-բացատրում, թե որքան կարեւոր է այս նախաձեռնությունն ու Հայաստանից հեռու գտնվող հայերը որքան են զգում այդ աջակցության կարիքը:

«Փորձում եմ մարդկանց ոգեւորել, որ ոչ միայն գումար տան, այլեւ իրենք էլ լինեն նախաձեռնող: Կարեւոր է ոչ միայն հանգամանքը, որ գումար են տալիս, այլեւ այն, որ անձը հասկանա, թե ինչի համար է այդ գումարը տալիս եւ ի՞նչ նպատակով է այն ծառայելու: Երբ նա հասկացավ, ապա նույն կերպ կհամոզի իր ընկերներին: Օրեր շարունակ զանգում էի, պատմում, այդ առումով բավական աներես եմ (ծիծաղում է-Հ.Հ.) որպեսզի հասնեի իմ ուզածին»,- ասում է Վարուժան Ավետիքյանը՝ հավելելով, որ կարճ ժամանակահատվածում կարողացան հավաքել 15 հազար 200 դոլար:

Դրամահավաքն այսօր էլ շարունակվում է, իսկ աջակցության առաջին խմբաքանակը՝ 15 հազար 200 դոլարը Սիրիայի ճանապարհին է: Այս հարցում Ավետիքյանին աջակցել է հայկական ամենահին կազմակերպություններից «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը: Հիմնադրամը մասնաճյուղեր ունի նաեւ ԱՄՆ-ում, Լիբանանում, Սիրիայում եւ ունենալով ավելի քան վաթսուն տարվա փորձառություն եւ ոչ առեւտրային կազմակերպության միջազգային փաստաթուղթ հիմնադրամի ներկայացուցիչներն առանց խնդիրների եւ քաշքշուկներին կկարողանան Սիրիայում աջակցել քեսաբահայերին: Բանկային հաշվեհամարը հիմնադրամի անունով է, իսկ Քեսաբում օգնության տրամադրումն իրականացնելու է հիմնադրամի Սիրիայի մասնաճյուղը:

Դրամահավաքությանը զուգահեռ, այժմ Ավետիքյանը գործընկերներ եւ համախոհներ է փնտրում, որպեսզի կարողանան օգնել այն քեսաբահայերին, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք: Կազմվում է առաջարկությունների փաթեթ, որպեսզի սիրիահայը հստակ իմանա՝ պետությունն իրեն ի՞նչ է առաջարկում եւ Հայաստան այցելելով, ինչով կարող է զբաղվել: Այժմ Ավետիքյանը բանակցություններ է վարում հիմնադրամների, առեւտրային կազմակերպությունների եւ անհատներ հետ: «Մեկ կազմակերպություն կամ մեկ անձ չի կարող այս գործը միայնակ կատարել: Հայաստան վերադառնալ եւ այստեղ ապրել ցանկացող մեր հայրենակիցներին անհրաժեշտ է ապահովել տանիքով, աշխատանքով, սեփական բիզեսը սկսելու, ծառայություններից օգտվելու հնարավորությամբ, պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք ինտեգրվեն եւ կարողանան իրենց կարողություններն ու գիտելիքները ներդնել Հայաստանում»,- ասում է Ավետիքյանը՝ հավելելով, որ արդեն ստացել են առաջարկություն «Կոնվերս» բանկից այն մասին, որ պատրաստ են բանկային հատուկ առաջարկություններ եւ ծրագրեր իրականացնել սիրիահայերի եւ քեսաբահայերի վերադարձն ապահովելու համար:

Թուրքիայի աջակցությամբ սիրիական զինյալների կողմից մարտի 21-ին Քեսաբի գրավումը դատապարտել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղել միջազգային հանրությանը` ուշադրություն դարձնել սարսափելի դեպքերին: Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան), ով «Թվիթեր» միկրոբլոգում ունի ավելի քան 2 միլիոն հետեւորդ, անդրադարձել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղում տեղի ունեցող իրադարձություններին` խնդրելով պարզել, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ: Հայկական ծագումով ամերիկացի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը թվիթերյան միկրոբլոգում հետեւյալ գրառումն է կատարել. «Եթե դուք չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, խնդրում եմ փնտրեք Google–ում. սա ողբերգություն է: Ես հայ եմ, մանուկ հասակում ես շատ եմ լսել նմանատիպ ցավալի պատմություններ»: Այնուհետև Քարդաշյանը հավելել է. «Թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի»: Մեկ այլ գրառման մեջ Քարդաշյանը նշել է. «Ես աղոթում եմ բոլորի համար»:

Հայաստանում սփյուռքում գործող բազմաթիվ կազմակերպություններ դրամահավաքներ են սկսել քեսաբահայության համար: Հայաստան համահայկական հիմնադրամը 63 հազար 060 ԱՄՆ դոլար է տրամադրել քեսաբահայերին:

Հասմիկ Հարությունյան