Akhaltskha.Net – Ապրիլի 27-ին Ախալցխայի շրջանի հայկական Սուխլիս գյուղում անցկացվեց բարեգործական միջոցառում: Միջոցառումը սկսվեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի հարգումով:
Համերգային ծրագրին ներկա էին Ախալցխայի շրջանի Գամգեբելիի տեղակալ` Աշոտ Մանասյանը, Սուխլիս գյուղի գյուղապետը եւ ԱՀԵԿԿ-ի ներկայացուցիչները:
Միջոցառմանը հնչեցին հայկական հայրենասիրական եւ վրաց ժողովրդական երգեր: Պարեցին հայկական եւ վրացական պարեր: Միջոցառման մասնակիցները երգեցին նաեւ էստրադային երգեր:
Համերգային ծրագրին մասնակցում էին նաեւ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի երիտասարդները, որոնք եւս հանդես եկան պարերով եւ երգերով:
Համերգային ծրագիրը կազմակերպվել էր երաժիշտ ու բարեգործ Մանվել Խաչատրյանի եւ Սուխլիս գյուղի մշակույթի տան ղեկավար, ԱՀԵԿԿ-ի «Գոհանամք» համույթի գեղարվեստական ղեկավար ու պարուսույց` Տիրուհի Համբարձումյանի նախաձեռնությամբ:
Կազմակերպիչները խոստացան, որ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի առաջարկով տվյալ ծրագիրը կրելու է շարունակական բնույթ եւ բարեգործական համերգներ են կազմակերպվելու Ախալցխայի շրջանի բոլոր հայկական գյուղերում:
Akhaltskha.Net