ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում ապրիլի 24-ի առավոտյան Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի առիթով ս. Պատարագ և հոգեհանգստի արարողություն է կատարվել Բերիո թեմի առաջնորդ Շահան Արք. Սարգսյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից: Արարողությանը ներկա են եղել Հայ Ավետարանական և Հայ Կաթողիկե համայնքապետերը, ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը, Ազգային իշխանությունների և հալեպահայ կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ:
Արարողությունից հետո հալեպահայ մշակութային միությունների կազմակերպությամբ և հայ երեք հոգևոր պետերի հովանավորությամբ մշակութային միության «Զ. Գաբրիելյան» սրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի առիթով միջհամայնքային և միջմիութենական ոգեկոչման կենտրոնական հանդիսությունը: Եկեղեցու շրջակայքում ներկաներին դիմավորել են հալեպահայ միությունների սկաուտները, իսկ մինչ այդ Հ.Մ.Ը.Մ. Հալեպի մասնաճյուղի սկաուտները պաստառների վրա ցուցադրել են Հայոց ցեղասպանությանն առնչվող լուսանկարներ: Արաբերեն բացման խոսքով հանդես է եկել Մարալ Գալայջյան-Սեմերջյանը, ով անդրադարձել է Հայոց ցեղասպանության մարդկային, մշակութային և նյութական վնասներին և Օսմանյան կայսրության հայ բնիկ ժողովրդին իր պապենական հողերից տեղահան անելու իրողությանը: Հայերեն բացման խոսք է ասել Վաչե Տիշոյանը՝ նշելով, թե հայ ժողովուրդը սպանվել է, բայց չի մահացել, այլ հրաշափայլ հարությամբ շարունակել է իր գոյությունը:
Այնուհետև հայրենասիրական երգերով հանդես է եկել Համազգայինի «Զվարթնոց» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Հարութ Ալապոզանյանը: Ապա Զանի Նազարյանն ասմունքել է Սիամանթոյի «Հաղթանակ մը» բանաստեղծությունը: Օրվա բանախոս Նշան Օղիկյանը նշել է. «Այսօր ապրող հայ սերունդները կանգ կառնեն՝ աշխարհին և մարդկությանը հիշեցնելու, թե հայ ժողովրդի «դարավոր հայրենիքի» մեծ մասի բռնագրավումը և թրքացման հետևողական ճիգերը, բյուրավոր մարկային ողբերգության կողքին ստեղծել են նաև քաղաքական ողբերգություն՝ հային զրկելով իր սեփական հայրենիքից: Միլիոնավոր զոհեր տված և հող կորցրած հայ ժողովուրդն այսօր մեկ անգամ ևս հիշեցնում է աշխարհին, որ չլուծված դատ ունի թուրք պետության դեմ և այդ դատի պահանջատերը կմնանք մինչև արդար հատուցում»:
Հայ երեք հոգևոր պետերի անունից խոսք է ասել Բերիո թեմի առաջնորդ Շահան Արք. Սարգսյանը, ով առաջին հերթին ամբողջ հայության և հատկապես սիրիահայության անունից երախտագիտություն է հայտնել սիրիացի ժողովրդին և շեշտել, որ հայությունը վճռել է շարունակել իր գոյությունը և մարդկությանը ներկայանալ ոչ միայն զոհի կերպարով, այլև որպես հարուցյալ և պայքարող ժողովուրդ: