ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 1,5 միլոն զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել և հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից: Արարողությանը ներկա են գտնվել Դամասկոսի Հայ Կաթողիկե համայնքապետ Տեր Ժոզեֆ Արնաութիին, Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և դամասկոսահայ միությունների ներկայացուցիչներ: Առաքելական եկեղեցու առաջնորդ Արմաշ Եպս. Նալբանդյանն իր խոսքում շեշտել է, որ հայ ժողովուրդը ունեցել է երկու մեծ կորուստ որպես Ցեղասպանության հետևանք՝ ֆիզիկական և հողային, որովհետև այն արմատախիլ է եղել իր պատմական հայրենիքից: Սրբազան հայրը հարգանքի տուրք է մատուցել նաև հույն, սիրիացի և ասորի ժողովուրդների զոհերին, որոնք ընկել են նույն ոճրագործ, ջարդարար Թուրքիայի ձեռքով: Այնուհետև նա նշել է, որ Սիրիայի ժողովուրդն ականատես է եղել այս ահավոր սպանդին՝ միաժամանակ հյուրընկալելով եղեռնից վերապրող մեր ժողովրդի բեկորները, վերապրելու հույս ու հավատ ներշչել նրան: Պատարագի ավարտին ծաղիկներ են դրվել ս. Սարգիս եկեղեցու բակում Եղեռնի հուշարձանի դիմաց՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի:
Ս. Պատարագ և հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել նաև Դամասկոսի Հայ Կաթողիկե եկեղեցում համայնքապետ Տեր Ժոզեֆ Արնաութիի գլխավորությամբ: