ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ապրիլի 22-ի առավոտյան կրկին հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Զոհվածը Կարո Մելքոնյանն է, ով սիրիական բանակի կողքին կռվում էր կամավորական ջոկատներում:
Ավելի վաղ՝ ապրիլի 18-ին, մահացել էր կամավորական բանակի ևս մեկ ծառայող` 22-ամյա Բաղտիկ Քեշիշյանը: Նա մի քանի օր առաջ վիրավորվել էր զինված ընդդիմադիր արմատական խմբավորումների դեմ բախումների ժամանակ:
Հալեպում նաև վախճանվել է տասն օր առաջ վիրավորված հայ Սարգիս Մարտիրոսյանը: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 22-ին, Սուրբ Աստվածածաին եկեղեցում, Սիրիայի ժամանակով երեկոյան ժամը 5-ին:
«Բերիո Լուրեր» ֆեսյբուքյան էջը տեղեկացրել է, որ Հալեպում կենցաղային պայմանները խիստ վատացել են, և բախումների պատճառով դժվարացել էր Հալեպի մուտքից բնակիչներին սնունդ և վառելանյութ մատակարարելու գործընթացը: Սիրիական բանակը կրկին բացել է Խանասերի ճանապարհը, որը Հալեպը կապում է արտաքին աշխարհի հետ: Այսպիսով՝ Հալեպ պարբերաբար մուտք են գործում բեռնավորված հարյուրավոր բեռնատարներ: Սիրիայի կառավարությունը հնարավոր ամեն ինչ անում է՝ Հալեպում կյանքը բնականոն վիճակին վերադարձնելու համար:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 80-ը: