SpyurqԻնչպես տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ փետրվարի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի ոսկերչական գործարանում հանդիպում ունեցավ Հայաստանում գտնվող սիրիահայ ոսկերիչների հետ:

Ողջունելով ներկաներին՝ նախարարն իր ուրախությունը հայտնեց սիրիահայերի՝ Հայաստանում իրենց գործը հիմնելու ցանկության առիթով, միաժամանակ չթաքցրեց իր մտահոգությունը հմուտ և իրենց գործում հաջողակ ոսկերիչների ժամանակավոր անգործության կապակցությամբ: Հ. Հակոբյանը հորդորեց Հայաստանում գտնվող սիրիահայերին, որ նրանք օր առաջ հիմնեն իրենց գործն ու կոչ արեց առանց մտավախությունների ձեռնարկել առաջին գործնական քայլերը: «Պետությունը կանգնած է յուրաքանչյուրիդ կողքին՝ բիզնես հիմնելու առաջին քայլից: Մենք պատրաստակամ ենք անհրաժեշտ խորհրդատվությամբ ապահովել, աջակցել կազմակերպությանը՝ գրանցումից մինչև կայանալն ու շահույթ ստանալը»,-ասաց նա:

Հ. Հակոբյանը հաջողակ բիզնես ունենալու հարցում կարևորեց վստահելի գործընկերոջ ընտրության, պետության կողմից հստակ ու հավաստի խորհրդատվություն ստանալու գործոնը:

Հանդիպմանը ներկա էր Երևանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Էմիլ Գրիգորյանը, ով տեղեկացրեց, որ գործարանում ներկայումս աշխատում է հինգ սիրիահայ: Է. Գրիգորյանը սիրիահայ գործարարներին երկու առաջարկ արեց՝ ընդունվել աշխատանքի որպես ոսկերիչ, կամ էլ առաջիկա 6 ամիսների ընթացքում անվճար աշխատանքային տարածք վերցնել: Այս պարագայում նրանք հնարավորություն կունենան օգտվելու նաև գործարանի աշխատանքային գործիքներից, տարատեսակ արտադրամասերից: Գործարանի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց նաև աջակցելու օրենսդրական և շուկայագիտական ոլորտների խորհրդատվությամբ: Համագործակցության պարագայում գործարանի կողմից կտրամադրվեն նաև արտաքին շուկաներին ծանոթանալու հնարավորություններն ու կապերը:

Հանդիպման մասնակիցները հետաքրքրվեցին արտահանման հնարավորություններով, հարցեր բարձրացվեցին մաքսային ու հարկային օրենսդրության որոշ դրույթների վերաբերյալ: Նշվեց, որ Հայաստանի՝ տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրությունը լավագույններից է աշխարհում, ինչը հնարավորություն է տալիս ոսկերչության բնագավառում շահավետ գործունեություն ծավալել:

Այսպիսով՝ շատ մասնագետները տեղում նախանշեցին իրենց առաջիկա անելիքները՝ ընդունելով առաջարկվող տարբերակներից որևէ մեկը:
Այնուհետև սիրիահայ ոսկերիչները շրջեցին գործարանում՝ տեղում ծանոթանալով իրենց ապագա գործընկեր կազմակերպության գործունեությանը, պարզաբանելով մի շարք հուզող հարցեր:

hayernaysor.am