panorama.am – Քեսաբի շրջանի Կալադուրան գյուղից Ստեփան Սուլյանը տեղահանում և գաղթ բառերը լսել էր միայն հոր պատմություններում.անասուններին դիմացն արած մարդիկ՝ կապոցներն ուսերին, ոտքով քայլում են երկար, շատ երկար… տեսարաններն ամեն անգամ աչքի առաջով լողում էին:
«1915 թվականին հայրս տեղահանվել է, գնացել են Հորդանան, ապա Եգիպտոս: Այդ ժամանակ յոթ տարեկան է եղել: Պատմում էր: Ասում էր՝ եկան, հրաման տվին, որ ելնենք տներից: Հանել են, իրենց առաջին անհրաժեշտ իրերը, հագուստը վերցրել են, անասուններին դիմացը գցած, քայլելով գնացել են: Ամիսներով քայլել են: Կամաց-կամաց ճանապարհը ամենքին մի տեղ է հասցրել: Շատ են չարչարվել»,- հիշում է քեսաբահայը:
Հոր պատմությունները մի օր պիտի կրկներ ինքը: Բայց իր պատմությունները նոր էին, իրենն էին: Երևանում, զավակների մոտ ապաստանած Ստեփան Սուլյանը դեռ թարմ տեսարաններն է ներկայացնում.«Հայրս ոտքով է ացնել այդքան ճանապարհը, մենք մեքենաներով փախանք: Ժողովուրդը լսեց, որ ձայներ կան, ռմբակոծությունը մեզ վրա էր, հարձակվեցին, ժողովուրդը վախեցավ ու փախավ: Ժողովրդի ձեռքին զենք չկար, որ դիմադրեր: Մեր տղաներն էլ մասնակցում էին ինքնապաշտպանությանը, բայց դիմադրություն չեղավ: Հրաման եկավ, որ փախնենք, հեռացանք»:
Քեսաբ շատերը Հալեպից էին փախել եկել: 400 ընտանիք եկվոր կար, որպես ապահով շրջան ընտրել էին Քեսաբը… նորից ստիպված եղան փախչել:
«Մենք գնացինք Լաթաքիա, այնտեղ եկեղեցում էինք ապաստանել: Եկեղեցին երկու ընդարձակ սրահ ունի, 500 հոգուց ավելի կարող է տեղավորել: Մեզ ներքնակ, վերմակ, բարձ տվեցին: Սնունդով ապահովել էին: Այդտեղ տեղավորվեց ժողովուրդը, է՞լ ուրիշ ուր պիտի գնային»,- ասում է նա:
Ստեփան Սյուլյանի խոսքով, ժողովուրդն, ընհանուր առմամբ, սպասում է, թե մոտ ժամանակում կլուծվի խնդիրը և կդառնան տուն. «Նրանք, ովքեր հույս չունեն, կամ այլ վայրերում տուն ունեն, գնացին: Մի մասը տեղում բնակարան վարձեցին, մյուսները գնացին Լիբանան, Հալեպ: Մենք Լիբանանով եկանք Հայաստան»:
Հայաստանում առաջին անգամ է, ասում է` Հայաստանը շատ լավ է, սիրել են, բայց այստեղ մի քիչ դժվար է ապրել:
Կինը` Վարդենի Սադղջյան-Սուլյանը տունն է շատ կարոտել, բայց այստեղին էլ կամաց-կամաց վարժվում է. «Սեփական մատներով կառուցած տունս թողեցի: Կարոտել եմ: Չգիտենք էլ` թալանեցի՞ն, քանդեցի՞ն… Այնտեղ երկու տուն ունեինք, պարտեզ, հող: Երեխաներս այտեղ էին սովորում: Մեծ տղաս էլ արդեն երկու տարի է այստեղ էր: Աղջիկներս ամուսնացել են: Այս պատերազմի ընթացքում աղջիկս Հալեպից փախավ եկավ, որ Քեսաբում ապահով է, այն էլ… Հիմա Լիբանանում է»:
Եթե ապրուստ վաստակելու հնարավորություն ունենան, աշխատանք գտնեն, ընտանիքը ցանկություն ունի Հայասանում մնալու:
«Բայց այնտեղ մեր տներն են, մեր հարստությունները , հողերը,-ասում է Ստեփան Սուլյանը,- Պիտի մշակենք, եթե չմշակվեն, կփչանան: Եթե լավանա, հավանաբար կդառնանք, հուսով ենք: Բայց ես էլ էի մտադրված, որ ամեն ինչ ծախեմ, գամ: Չկարողացանք ծախել ոչինչ: Հիմա միայն վրայիս զգեստովներով եկանք»:
Մտքերով դեռ Քեսաբում են, չնայած, որ տան դռները կողպել ու դուրս են եկել, հեռանալ դեռ չեն կարողանում, անընդհատ գլխում պտտվում է տուն դառնալու միտքը:
«Մենք այնտեղ ենք ծնվել, մարդու համար իր ծննդավայրը թանկ է: Եթե այնտեղից լավ տեղ գտնեինք… բայց չկա: Այնտեղ հայկական դպրոցներ կային, մինչև բակալավրիատ: Այստեղի պես: Երկրորդ Հայաստանն է Քեսաբը: Ապահով էինք, շատ լավ էինք, որևէ մեկը մեր կյանքին չէր խառնվում: Մեր ծնողներն էլ տեղահանումից հետո վերադարձել են իրենց ծնդդավայրը: Այն շատ քաղցր է, ուրիշ տեսակ է մեր շրջանը, դրա համար էլ մարդիկ չեն ուզում ուրիշ տեղեր ապրել: Օդը անուշ, բնությունը` գեղեցիկ, ծովը ունեինք: Մենք ապրում էինք պատմական հայրենիքից մնացած վերջին կտոր հողում»,- ասում է քեսաբահայը:
Ստեփան Սուլյանը տխուր աչքերը կախում է գետնին ու կիսաժպտալով ասում. «Ես հուսով եմ, որ այդ վերջին կտորը կվերադարձնենք: Բայց դա կես հույս է, ամբողջական չէ: Այնպիսի շրջան է, որ բարձրության վրա է, իշխում է ամեն շրջաններին: Թուրքի համար կարևոր է, սահմանի վրա է, կարող է թուրքն իշխի, գրավի ու չթողնի վերադառնանք մեր ծննդավայրը: Ես դրանից շատ եմ վախենում»:
Հայերը Քեսաբում սկզբում անասնապհությամբ էին զբաղվում, բայց վերջին շրջանում զարգացել էր տարածքը, ճաշարաններ, պարտեզներ, ռեստորաններ և հյուրանոցներ էին կառուցում: Քաղաքը զբոսաշրջային էր դարձել:
Ընդհանուր առմամբ հայկական շրջան էր, օտարներ էլ կային, նշում է Ստեփանն ու հավելում. «Կառավարությունը մեզ թիկունք էր կանգնած, որ այդ հին հայակական ավանդույթները պահեինք: Ազգային տոները, ազգային բոլոր ավանդույթները պահում էինք: Այնտեղի հայությունը մաքուր հայեր էին: Քեսաբում պահպանվում է մաքուր հայությունն ու չի ձուլվում, ոչ լեզուն են փոխում, ոչ էլ սովորույթները»:
http://www.panorama.am/am/society/2014/04/12/sulyan-surian-armenian/