tert.am – Թուրքիայի Հաթայ նահանգի օգնության միությունը Վաքըֆլըում տեղավորված սիրիահայերին անկողին, ծածկոցներ և սնունդ է տրամադրել։
Ինչպես տեղեկացնում է Time Turk-ը, միության տարածած հաղորդագրության համաձայն՝ իրենք այցելել են սիրիահայերին։
«Հաթայի օգնության միությունը մոտ 80 հազար սիրիացու է հյուրընկալում։ Մեր կարգախոսն է՝ «կարիքավորի կրոնական, ազգային պատկանելությունը չեն հարցնում»։ Մեր հայ հյուրերն ապաստանել են Վաքըֆլըում, և մենք այցելեցինք տեղի հայկական եկեղեցի և նրանց անհրաժեշտ պարագաներ տարանք։ Այնտեղ հանդիպեցինք Վաքըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունի, հայ համայնքի ղեկավար Ջեմ Չափարի և Սիրիայից եկած հայերի հետ։ Մեր միության օգնությունը նրանք սիրով ընդունեցին»,-ասված է հաղորդագրութան մեջ։
Վաքըֆլըում 25 քեսաբահայ է ապաստան ստացել։ Հայ համայնքի ղեկավարը խոստացել է, որ եթե այդ թիվն աճի, իրենք միությունից օգնություն կխնդրեն։
«Մեր առողջապահական թիմը կարճ ժամանակ անց կմեկնի այնտեղ՝ հյուրերի առողջական վիճակն ստուգելու»,- ասված է հաղորդագրության մեջ։