ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչությունը 14 545 ԱՄՆ դոլար է փոխանցել Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, գումարն առձեռն կբաժանվի տեղահանված հայ ընտանիքներին, որոնք իրենց առաջնային կարիքներից զատ, ֆիզիկական անվտանգության խնդրի առաջ են կանգնած: Քեսաբում բնակում են Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդները, որոնք ամուր հաստատված են հայկական եկեղեցիներով, մշակութայն և կրթական օջախներով: Լինելով Կլիլիկիայի թագավորության վերջին շրջանը` այս տարածքը նաև պատմական նշանակություն ունի հայության համար:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանային մի քանի կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սնունդով ապահովել է բնակիչներին: Տեղեկություններ են հաղորդվել, որ նրանց ունեցվածքը թալանվել եւ Թուրքիա է տարվել: «Հայաստան» համահայկական հիմնադրամը կոչ է հղել հայրենաբնակ եւ սփյուռքահայ բոլոր անհատներին եւ կազմակերպություններին բարոյական եւ նյութական աջակցությամբ սատարել ծանր օրեր ապրող քեսաբահայությանը եւ բացել է հաշվեհամար: Նվիրատվությունները հնարավոր է ուղղել Արդշինինվեստբանկում բացված հետեւյալ հաշվեհամարներին` 247010003090 (ՀՀ դրամ), 247010003090/0001 (ԱՄՆ դոլար), SWIFT: ASHBAM22: