yerkirmedia.am – Սփյուռքի նախարարությունում այսօր տեղի է ունեցել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։ Ներկայացվել են առողջապահության ոլորտում սիրիահայության համար կատարված աշխատանքը, քննարկվել են նաեւ քեսաբահայության խնդիրները։
Գրեթե բոլոր ելույթներում կարեւորվել է “Հայաստան” համահայկական հիմնադրամում քեսաբահայությանն օգնելու համար ձեռնարկված աջակցության ծրագիրը։
Քեսաբահայության վիճակը ստիպեց փոխել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի օրակարգը։ Նիստին մասնակցելու, եւ ինչպես ասում են՝ առաջին ձեռքից տեղեկություններ փոխանցելու համար այստեղ էին խորհրդարանի այն պատգամավորները, որոնք վերջերս մասնավոր այցով մեկնել էին Լաթաքիա։
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ պատգամավորներն իրենց են փոխանցել քեսաբահայերի ցանկը, նաեւ նպաստառուների անունները։ Պետական գերատեսչության տրամադրության տակ են քեսաբահայության հնարավոր վերադարձի դեպքում օգնությանն անհրաժեշտ տեղեկությունները։ Հրանուշ Հակոբյանի խոսքով, Քեսաբի դեպքերը նոր երանգ հաղորդեցին Սիրիայի 3 տարվա պատերազմական վիճակին։ Նախարարը շնորահակալություն հայտնեց Հայ Դատի գրասենյակներին, հայկական այլ կազմակերպություններին՝ հայության համար այս կարեւոր հարցը միջազգային ատյաններումներում բարձաձայնելու համար։
“Սա շատ կարեւոր աշխատանք է”,- ընդգծեց նախարարը։
Սակայն նախարարն ակնկալում է միջազգային հանրության, մասնավորապես՝ ՄԱԿ-ի արձագանքը։ Նա դիմեց քննարկմանը ներկա՝ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին, նշելով, որ Հայաստանը համարժեք արձագանք է անկնկալում։
Պատգամավոր Սամվել Ֆրամանյանը զեկույց ներկայացրեց իրենց այցի մասին։ Ասաց՝ Լաթաքիայի հայկական եկեղեցում եւ դպրոցում այսօր ապաստանած հայության վիճակը մտահոգիչ է։ Փաստահավաք առաքելությամբ էին գնացել։ Ոչ միայն աջակցելու հայության այդ հատվածին, այլեւ պարզելու ապագայի անելիքները։ Պատգամավորն ուշադրություն հրավիրեց նաեւ տեղեկատվական դաշտում քեսաբյան իրավիճակը ստույգ ներկայացնելու վրա։
“Շատ կարեւոր է ստույգ լինել։ վերջին օրերում բազմաթիվ նյութեր ցուցադրվեցին, որոնք կապ չունեն իրականության հետ”,- ասաց Ֆարմանյանը։
Պատգամավոր Թեւան Պողոսյանը, որը նույնպես Լաթաքիա էր մեկնել, եզրակացրել է՝ Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգում փոփոխություն պետք է կատարվի։
“Աշխարհի ցանկացած վայրում հայի որեւէ ցավ դա հայության ցավն է”,- ասաց նա։
Նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ զրուցել է Քեսաբի քաղաքապետի հետ։ Հայաշատ այդ քաղաքի դեմ թուրաքական հարձակումից հետո տեղում մնացած 38 քեսաբցիներից 20-ը վերջին 3-4 օրվա ընթացքում վերադարձվել է։
“Իսկ 18-ի համար բանակցությունները շարունակվում են”,- ասաց նախարարը։
Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրեց առողջապահության ոլորտում սիրիահայության համար կատարված աշխատանքը: Ներկայացվեցին նաեւ սիրիահայերի գործարարության զարգացման ծրագրերը: Նախարար Հրանուշ Հակոբյանը վերջում հավելեց, որ իրենք ամեն օր հետեւում են դեպի Լիբանան եւ հակադարձ չվերթներին։ Ամեն օր ճշտում են, թե քանի սիրիահայ է մեկնում կամ վերադառնում։ Նաեւ ցավալի վիճակագրություն ներկայացրեց։ Սիրիական հակամարտության ընթացքում 72 հայ է զոհվել, հարյուրավոր հայեր վիրավորվել են։