yerkir.am – Այսօր, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ բողոքի ակցիա Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ՄԱԿ-ի դրսևորած անտարբերության կապակցությամբ:

«Քեսաբը մերն է` մերն է լինելու», «Թուրքի’ա, ձեռքերդ հեռու’ Քեսաբից» վանկարկումներերով ակտիվիստներն ու Հայաստանում բնակվող քեսաբահայերը ՀՅԴ Գերագույն մարմնի շենքից երթով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ նամակ հանձնեցին կազմակերպության ներկայացուցչին:

Ակցիայի մասնակիցները պահանջում էին ՄԱԿ-ից` կատարել իր իրական առաքելությունը, դատապարտել և կանխել Թուրքիայի քողարկված ագրեսիան Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել` քեսաբցիներին իրենց մշտական բնակության վայր անվտանգ տեղափոխելու համար:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը հավաստիացրեց, որ նամակն անպայման արձագանք կգտնի և կուղարկվի նաև ՄԱԿ-ի միջազգային գրասենյակ:

Ակցիային մասնակից քեսաբահայերը, ովքեր շատ հուզված էին, պատմում էին, թե վերջին օրերին ինչպիսի զրկանքներ են կրել իրենց հարազատները: «100 տարի անց նորից Թուրքիան իր սև գործն է անում»,- նշեց քեսաբահայերից մեկը: