tert.am – Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի համար սիրիական կառավարական խմբերի և զինյալ ահաբեկիչների մղած մարտերը շարունակվում են։ Հայերը տեղափոխվել են Լաթաքիա։ Tert.am-ի հետ զրույցում ասաց Քեսաբում ռեստորանի սեփականատեր, 43-ամյա Ավետիս Մանջիկյանը, ով այժմ գտնվում է Լաթաքիայում:
Նա տեղեկացրեց, որ երեկ Քեսաբից վերադարձած զինվորներից մեկը պատմել է, որ Քեսաբում մնացած տարեց՝ 70-80 տարեկան կանանց բռնաբարել են։
«Այսօր զինվորներեն մեկը, որ վերադարձավ Քեսաբեն, կպատմե ինձի, որ ծեր կիներ՝ 70-80 տարեկան, մերկացուցին և բռնաբարեցին։ Ինչ ըսեմ, չեմ գիտեր, շոկի մեջ ենք դեռ։ Վիճակը շատ վատ է։ Նույն 1915թ.-ի ջարդը չկարողացան ընել մեզ, միայն թալանեցին, 80-90 տարեկան ծերերը բռնաբարեցին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ուրբաթ՝ մարտի 21-ին, Թուրքիայի տարածքից, միաժամանակ 3 կետերից հարձակում էր սկսվել հայաբնակ Քեսաբ ավանի վրա։ Հարձակման հետևանքով բնակչության 99 տոկոսը տարհանվել է, տեղափոխվել Լաթաքիա, որտեղ ապաստան է գտել հայկական եկեղեցում և հարակից շինություններում։
Ավետիս Մանջիկյանը նշեց, որ իրենք հիմա պաշտպանված են Լաթաքիայում, սակայն այնտեղ էլ ապահով չէ։
«Օրը երեք-չորս հրթիռ է ընկնում։ Լաթաքիան էլ ապահով տեղ չէ։ Մեր ժողովուրդը միայն իր վրայի հագուստով ելած է։ Շատերը դուրս են եկել առանց անձնագրերի։ Ո՛չ հագուստ, ո՛չ դրամ, հողաթափերով դուրս եկողներ կան։ Մեր քեսաբի հայ երիտասարդները 3-4 ժամ կռվեցին, որ մենք ժողովուրդը կարողանանք ազատել»,- պատմեց հայ համայնքի ներկայացուցիչը։
Նա նշեց, որ իրենք տեղեկություններ ունեն այն մասին, որ Թուրքիայից մտնող խմբերը թալանում-տանում են իրենց ունեցվածքը։ Իր ունեցած տեղեկություններով՝ կողոպտել և Թուրքիայի սահմանամերձ Անթաքիա քաղաք են տարել նաև իր ռեստորանի գույքը։ Իսկ իրեն առաջարկել են գնալ Անթաքիա և գողացողներից գնել իր ունեցվածքը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք կցանկանան Հայաստան գալ, Մանջիկյանն ընդգծեց, որ Քեսաբն էլ փոքրիկ Հայաստան է։ «Մեր Հայաստանը հոս է։ Մենք չէինք գիտեր՝ թուրքը ինչ կպահե մեզի համար։ Կկարծեինք՝ թուրքերը փոխված կըլլան։ Մենք Հայաստանի մեկ մասն ենք՝ Կիլիկիան Հայաստանի վերջին մասը։ Այստեղ նույնիսկ մեր քաղաքապետը հայ է»,- ասաց նա։
Հարցին, թե բավարար են արդյոք ՀՀ իշխանությունների քայլերը, նա նշեց, որ շատ շնորհակալ են, որ նախագահից սկսյալ բոլորը հետաքրքրված են իրենցով և այժմ պատվիրակություն կա Լաթաքիայում։
«Շատ շնորհակալ ենք նախագահին, և եթե օդանավ ղրկեն և ժողովրդին թեթևցնեն, շատ լավ կըլլա մեզի համար։ Հոս վիճակը լավ չէ»,- ասաց նա և ավելացրեց, որ թեև սիրիական պետությունն օգնում է իրենց, բայց վիճակը շատ դժվար է, քանի որ եկեղեցում հարյուրներով մարդիկ փոքրիկ սրահում միասին են ապրում։