galatv – Մի քանի օր է արդեն, ինչ Սիրիայի Քեսապ բնակավայրն ու հարակից շրջանները թեժ մարտերի մեջ են: Թուրք-սիրիական սահմանին գտնվող բնակավայրը, որը մեծ մասամբ բնակեցված էր հայերով, հիմա ամբողջովին հայաթափվել է եւ վերածվել է ավերակների: Տեղեկությունները տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին շատ սուղ են եւ իրարամերժ:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Սիրիայի բանակայիններին ու կամավորներին հաջողվում է ինքնապաշտպանվել եւ հետ վերցնել որոշակի տարածքներ, կան նաեւ տեղեկություններ, որ բնակավայրի կարեւոր տարածքները արդեն թուրքական կողմից թափանցած ապստամբների ձեռքին են:

ԳԱԼԱ-ն Քեսապում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ զրուցել է Բեյրութում լույս տեսնող Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանի հետ:

-Պարոն Գանդահարյան, ի՞նչ վիճակ է հիմա Քեսապ բնակավայրում, տեղեկացանք, որ հայերը տեղահանվել են, բայց նաեւ կան տեղեկություններ շարունակվող մարտերի, զոհերի եւ վիրավորների մասին:

-Քեսաբում դեռ մի քանի օր առաջ թուրքական տարածքներից սկսվեց զինյալ խմբավորումների ներթափանցման գործողությունները: Պետք է ասել, որ բավականին արագ կազմակերպվեցին նաեւ մեր հայրենակիցների տարհանման աշխատանքները: Համեմատաբար նրանք տեղափոխվել են ապահով վայրեր, որտեղ մենք ունենք հայ համայնք: Այժմ տեղահանվածները գտնվում են Լաթաքիայում, այնտեղ գործում է հայ համայնքի շտաբը, եւ նաեւ մեծ կազմակերպվածությամբ այդ շտաբը ընդունել է, կազմակերպում է սնունդի, կեցության եւ այլ հարցեր: Իհարկե, կան կենցաղային բազում դժվարություններ, բայց անվտանգ են մեր հայրենակիցները մեր հայկական շտաբի կազմակերպված աշխատանքի շնորհիվ: Այս պահի դրությամբ իրավիճակը այսպիսին է:

Մարդկային վնասներ չկան, հայերի առումով այս պահի դրությամբ չկան, իսկ տարհանումների մասին կոնկրետ թվեր չկան: Այնտեղ ընդհանրապես բնակչությունը մի քանի հազար պիտի լինի: Նկատի ունենանք այն իրաղությունը, որ սիրիական պատերազմից տուժած շրջաններից Հալեպից հայերը տեղափոխվել էին Քեսաբ՝ իբրեւ համեմատաբար ավելի հանգիստ բնակավայր: Այսինքն, ուզում եմ ասել, որ մենք խոսում ենք կոնկրետ մի քանի հազար հայի մասին:

-Հիմա մարտերը դեռ շարունակվո՞ւմ են: Քեսապը ում ձեռքին է: Սիրիական ուժերը կարողանո՞ւմ են պաշտպանվել, թե՞ ոչ:

-Քաղաքի մասին տեղեկությունները հակասական են. նաեւ ինֆորմացիոն պատերազմ է: Իշխանական աղբյուրներն ասում են, որ բանակին հաջողվում է թեժ մարտերից հետո հետ գրավել որոշ դիրքեր, իսկ զինյալ խմբավորումները տեղեկություններ են տարածում,որ տիրում են ընդհանրապես քաղաքին: Այս հակասական տեղեկությունների մեջ դժվար է օբյեկտիվ լրատվություն ստանալը: Հայ ազգաբնակչությունը տեղահանվել է, այնտեղ չկան հայեր: Հիմա հնարավոր է նաեւ՝ բնակարանների, մշակութային, ազգային կենտրոնների թալան լինի, վտանգված են նաեւ եկեղեցիները:

-Հայերը ի՞նչ մասնակցություն ունեն բնակավայրի ինքնապաշտպանական մարտերում:

-Կարող է պատահել, որ այդ ջոկատներում հայեր լինեն, բայց հայ համայնքի առանձին ջոկատ չկա եւ ինչպես այլ քաղաքացիներ, նաեւ հայեր կարող են ընդգրկված լինել ինքնապաշտպանական մարտերում:

-Դուք նշեցիք, որ բավականաչափ ակտիվ եւ համակարգված են գործել տեղի հայկական կազմակերպությունները, ինչ կասեք ՀՀ սփյուռքի նախարարության մասին, դեսպանատունը, տեղի կուսակցությունները, հոգեւոր, ազգային կառույցները, նաեւ Հայաստանի Հանրապետությունը ինչպես է գործում այս հարցում:

-Հրապարակումներ չկան, բայց եթե հրապարակումներ չեն լինեում, չեմ կարծում, այնուամենայնիվ, որ քաղաքական աշխատանքներ չեն տարվում: Ե՛վ դեսպանությունը Սիրիայում, եւ նաեւ համայնքային պատասխանատուները, կաթողիկոսությունը, կուսակցություններից հատկապես ՀՅԴ-ն, կարծում եմ, որ հարաբերական քաղաքական աշխատանքներ տանում են: Իմ կարծիքով՝ քաղաքական լուրջ իրավիճակից եւ անվտանգության շահերից ելնելով՝ այդ բոլոր աշխատանքները ամեն ինչը չէ, որ հրապարակում են:

Կարծում եմ, որ հայկական կողմը՝ եւ՛ պետությունը, ե՛ւ սփյուռքը, ե՛ւ հոգեւոր ազգային կենտրոնները… մի ուղղությամբ պիտի աշխատեն: Կարեւոր հանգամանք կա, որ այս զինյալ խմբավորումները թափանցել են թուրքական տարածքներից: Սա շատ կարեւոր դիտարկում է, եւ սա պետք է նաեւ միջազգային ընտանիքին ներկայացնել: Միջազգային ընտանիքը, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքար է հայտարարել, նրան պետք է հարց տալ, թե այդ խմբավորումները որտե՞ղ են կազմավորվում , որտեղի՞ց են զինուժ ստանում, ո՞ր տարածքից են ներթափանցում: Եվ այստեղ նաեւ Թուրքիայի պատասխանատվությունը կա, որ պետք է լույս սփռել: Եվ մեր դիվանագիտությունը, եւ սփյուռքի հասարակական կազմակերպությունները այս քարոզչաքաղաքական աշխատանքը, կարծում եմ, որ պիտի կատարեն:

Քրիստինա Մկրտչյան
24/03/2014