galatv.am – Արտաքին աշխարհի և Լաթաքիայի միջև կապը կտրված է: Մենք այստեղ չգիտենք, թե ինչ օժանդակություններ, նվիրատվություններ են արվում, ում կողմից, բայց անշուշտ գիտենք, որ Հայաստանից արձագանքներ կլինեն:
Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Քեսապի տեղահանվածների հարցերով զբաղվող ատենապետ Հակոբ Հաթամյանը, ով ևս Լաթաքիայում է և տեղահանված հայ բնակչության շարքերում:
-Տեղահանված հայերը հիմա ինչպե՞ս են և առհասարակ իրադրությունը Լաթաքիայում ինչպիսի՞ն է:
-Այստեղ ընդհանուր առմամբ, իհարկե, իրադրությունը հիմա լարված է, խառն է: Հայությունը հիմնականում տեղահանված է: Բոլորը հիմա այստեղ՝ Լաթաքիայում են: Քեսապն ամբողջությամբ դատարկվեց, իսկ նրա հիմնական բնակչության մասը մենք ու մեր հայրենակիցներն էին: Դե հիմա էլ հայերը, ինչպես նշեցի, տեղահանվելուց հետո բռնեցին դեպի Լաթաքիա ճանապարհը:
-Հայաստանի Հանրապետությունից արձագանքներ եղե՞լ են, օգնության առաջարկ….
-Անշուշտ մենք սպասում ենք, և կարծում եմ՝ արձագանքներ էլ կլինի, օգնություն էլ: Բայց առայժմ որևէ հստակ բան ասել ես չեմ կարող, քանզի մենք մեր օգնությունները, հոգածություններն ու օժանդակությունները չգիտենք, թե որ կողմից են և մեծամասամբ Լաթաքիա էլ չեն հասնում, այսինքն այստեղ հիմա մեկուսի է: Մեր շտապ օգնության ծառայության կենտրոնը գտնվում է Հալեպում, նրանք ավելի լավատեղյակ են այդ հարցերում: Այստեղ՝ Լաթաքիայում մենք չնայած ունենք շտապ օգնության գործադիր մարմին, սակայն մեր արտաքին կապերի խզվածության պատճառով որևէ տվյալ չունենք: Ներկայումս մեր կապը միայն Հալեպն ու Դամասկոսն են, այնտեղի առաջնորդները, սրբազանները: Այս պահին ուրիշ բան չգիտեմ:
-Տեղահանվածներին հասած որևէ օժանդակություն, օգնություն առայժմ չկա՞:
-Մենք գիտենք միայն, որ օգնություն՝ որպես այդպիսին, եղել է Էջմիածնից: Այսինքն այն օժանդակությունը, որն ուղարկվել էր այդտեղից, հնարավոր էր եղել, այսինքն Հալեպից հաջողացրել էին, և առաջին իսկ հնարավորության դեպքում ուղարկել էին Լաթաքիա: Այնտեղից՝ Հալեպից մեզ համար նախատեսված բաժինը հասավ մեզ: Ընդհանուր առմամբ գումարներ, օժանդակություն լինում է, բայց որ ուղղությունից՝ մենք Լաթաքիայում չենք իմանում:
-Նշեցիք, որ իրադրությունը լարված է, իսկ տեղահանված հայության մոտ ինչպե՞ս է տրամադրվածությունը, Հայաստան գալու մտադրություն կա՞:
-Հայաստան գալու որևէ հնարավորություն չկա, չունենք: Եթե որևէ մեկն էլ կարողանում է գալ, ապա նա հարուտ կարողությունների տեր պետք է լինի: Ով կարողացել է ֆինանսական ու այլ տեսակետներից, եկել է, իսկ հիմնական մասը շարունակում են մնալ այստեղ՝ Լաթաքիայում: Տեղահանվածները օրվա հացի կարոտ են և չեն կարող, բնականաբար, մտածել ինչ-որ տեղ գնալ-չգնալու մասին: Հայաստան գալու համար միջոցներ են անհրաժեշտ և ընդ որում՝ տարատեսակ միջոցներ: Ներկայումս, իհարկե, նման հարց լինել չի կարող բազում պատճառներով: Մենք չենք էլ իմանում՝ կենդանի մնացած, ողջ տեղահանված հայերից քանի հոգի է եկել Հայաստան, եւ կամ առհասարակ հաջողվել է նրանց, թե ոչ: Շատ դժվար է: Հիմա մենք Լաթաքիայում ուզում ենք վերադառնալ մեր տներն ու հանգիստ ապրել, ապրել այնպես, ինչպես ապրում էինք: Առայժմ միայն սա կարող եմ ասել:
Զառա Ղազարյան