news.am – hարցազրույց Լաթաքիայում ապաստանած հայերի հետ
Սիրիայի ծայրահեղ իսլամիստները թուրքերի օգնությամբ մտել են Քեսաբի հայկական եկեղեցի, հայաթափել այն եւ դարձրել զինանոց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քեսաբի հայերից Հասմիկ Մանջիկյան-Բերբերյանը, որը Քեսաբի մյուս հայերի հետ ապաստանել է Լաթաքիայում:
«Տեղեկություններ ունենք, որ եկեղեցուց բոլոր հայերին հանել են, ծայրահեղ իսլամականները գրավել են այն ու դարձրել զինանոց, իսկ ժողովուրդը փախչում է Լաթաքիա. Քեսաբի տներն էլ սկսել են թալանել ու այրել, իսկ թալանն էլ ուղարկում են Թուրքիա»,- ասաց նա:
Նրա խոսքով` հայերի մեջ զոհեր չկան, սակայն ալեւիների մեջ զոհեր շատ կան: Չնայած մեծ վտանգին`Քեսաբում դեռ հայեր կան, որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում թողնել իրենց տները կամ «ի վիճակի չեն դա անել»: Նրանց մասին տեղեկություններ չկան:
Մեր հարցին, թե ինչ վիճակում են Լաթաքիա տեղափոխված հայերը, տիկին Հասմիկը պատասխանեց. «10-15 հոգով հյուրընկալվել ենք տեղացիներին, մի մասը հիվանդանոցում է ապրում, ինքնաշարժում մնացողներ էլ կան, 300-400 հայ բնակություն է հաստատել տեղի հայկական եկեղեցում: Չնայած այս ամենին` մենք հագուստի եւ պարենի կարիք ունենք. փախել ենք գիշերանոցներով ու հողաթափերով ու չենք կարողացել ոչինչ մեզ հետ վերցնել»,- նշեց նա:
Լաթաքիայում ապաստանած հայերը հույս ունեն, որ առաջիկայում կվերադառնան Քեսաբ:
«Հայաստանից օգնություն ենք սպասում, նախագահի ելույթից հետո հույս ունենք, որ մեզ կօգնեն: Չի բացառվում նաեւ, որ կտեղափոխվենք Հայաստան»,- ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսրա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակում են իրականացրել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջանի վրա։ Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանում ապրող 600 հայ ընտանիք տեղափոխվել է Լաթաքիա։