panorama.am – Քեսաբի հայկական եկեղեցին զինյալներն իրենց հավաքատեղի են սարքել:

Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Լաթաքիայում ապաստանած քեսաբցի Հասմիկ Մանջիկյան-Բերբերյանը:

«Թուրքական սահմանը, որ շատ մոտ էր Քեսաբին, ամբողջությամբ բացել են, փշալարարը՝ հանել: Թուրքիայից մեքենաներով գալիս են, կողոպտում են տները և տանում մեր ունեցվածքը: Ոչ մեկ իրենց ոչինչ չի ասում, հանգիստ կողոպտում են»,- ասաց նա՝ հավելելով, որ կողոպտիչները նաև տներ են այրում:

Մարտի 22-ին զինված խմբավորումների հարձակումներից պաշտպանելու համար Սիրիայի հայաբնակ Քեսաբից տարհանված հայերը Լաթաքիայում օգնություն են ստանում, նախնական տվյալներով 600 ընտանիք է տարհանվել:

«Ամեն ինչ անում ենք, որպեսզի օգնության հասնենք: Մարդիկ դուրս են եկել և իրենց հետ ոչինչ չեն վերցրել՝ ոչ հագուստ, ոչ առաջին անհրաժեշտության պարագաներ: Այն հայերը, ովքեր ազգականներ ունեն, ապաստանել են նրանց տանը, մեծամասնությունը՝ հայկական եկեղեցում և հայկական կառույցներում: Մենք հիմա առաջին հերթին մարդասիրական օգնություն ենք կազմակերպել՝ մատրասներ, ծածկոցներ և տնտեսական պարագաներ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ ասել էր Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարել է, որ Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն աշխատում է քեսաբահայությանն աջակցելու համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի վրա, որն իրականացվելու է ամբողջ ծավալով:

ԱԳՆ-ից Panorama.am-ին հայտնել էին, որ Քեսաբից տարհանված հայերին Հայաստանի կողմից օգնություն տրամադրելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են, որոշակի քայլեր են ձեռնարկվում, բայց դրանք հրապարակման ենթակա չեն: Իսկ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել էր, որ եթե Քեսաբի հայերը ցանկություն ունեն, ապա Արցախը պատրաստ է նրանց ընդունել:

Քեսաբ շրջանի վրա թուրքական սահմանի կողմից սկսված հարձակումից հետո իրավիճակին հետևում է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Վեհափառը կապեր է հաստատել Հալեպի, Լաթաքիայի, Դամասկոսի և Լիբանանի հոգևոր, համայնքային և քաղաքական պատասխանատուների հետ և խորհրդակցություններ անցկացրել։ Արամ Ա-ն հանդիպել է Լիբանանում Սիրիայի դեսպանին, ով տեղեկացրել է, որ, ըստ հստակ տեղեկությունների, Թուրքիան քաջալերել է զինյալների մուտքը Քեսաբ ու ծանր զենք է տրամադրել նրանց: Դեսպանի խոսքով, ամեն բան արվում է կայունություն ապահովելու համար: Բաշար ալ Ասադը վերահաստատել է Քեսաբում անվտանգությունն արագորեն վերահաստատելու հանձնառությունը: