civilnet.am – Մարտի 21-ի վաղ առավոտյան զինված խմբավորումներն անցել են սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Դամասկոսի մեր թղթակիցը հաղորդում է, որ բավական մեծ թվով հայեր ստիպված են դուրս գալ Քեսապից և համեմատաբար ավելի ապահով շրջաններում հաստատվել: Երկու ժամ առաջ բախումները շարունակվում էին բանակի և հակակառավարական զինյալների միջև»,- ասաց Գանտահարյանը` հավելելով, որ իրենց տեղեկություններով` մարդկային զոհեր չկան, սակայն բախումները շարունակվում են:

Գանտահարյանը հաստատեց Քյորքյունե շրջանի դատարկվելու լուրը` ընդգծելով, որ բացի այդ շրջանից` այլ գյուղեր էլ են դատարկվել:

«Այլ շրջանների վերաբերյալ իմացանք, որ շրջափակում և կրակոցներ կան` նույնիսկ բնակավայրերի վրա, բայց, ընդհանուր առմամբ, բախումները բանակի և հակակառավարական խմբավորումների միջև են»,- ասաց Գանտահարյանը:

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։