ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ թաղամասերը մարտի 20-ին հրասանդների թիրախ են դարձել: Նոր Գյուղ թաղամասում ընկած հրթիռների պայթյունից հայ երեխա է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ վիրավորը 9-րդ դասարանի աշակերտ Խաչիկ Գաբրիելյանն է: Երեխայի վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ֆեյսբուքյան «Բերիո Լուրեր» էջից տեղեկացանք, որ Նոր Գյուղ թաղամասում հրթիռներ են ընկել Քարեն Յեփփե ազգային ճեմարանի գլխավոր փողոցում՝ մեկը ՔԵԱ ճեմարանի բակում, մյուս երկուսը՝ ազգային Սահակյան վարժարանի վրա, իսկ չորրորդ հրասանդն ընկել է ազգային Սահակյան վարժարանի դիմաց: Մյուս հրասանդը, որը չի պայթել, ընկել է ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի պարտեզում: Բացի այդ, մեկ այլ հրասանդ ընկել է Սուլեյմանիե թաղամասի գլխավոր փողոցում՝ Ս. Վրացյան կենտրոնի մերձակա թաղամասում: Հրասանդ է ընկել նաև Թիլելի ճանապարհին, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել, նրանց թվում, բարեբախտաբար, հայեր չեն եղել:
Հրթռիների և հրասանդների պայթյունները նյութական վնասներ են պատճառել բնակիչների բնակարաններին և մեքենաներին:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: Բացի այդ, 9 միլիոն սիրիացիներ, ստեղծված իրավիճակից ելնելով, ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից,որոնցից մոտ 5 միլիոնը բնակություն են հաստատել հարևան երկրներում: