panorama.am – «Արդեն մեկ տարի ութ ամիս է Հալեպից դուրս ենք եկել»:
Պատերազմի հետևանքով սեփական տունն ու գործը կրակների մեջ թողած մոտ 11 հազար սիրիահայերից մեկը Հարութ Քիլիսյանն է, ով Հայաստան եկավ կնոջ և երկու դստրերի հետ:
«Որ եկանք, վիճակն այնտեղ ահավոր չէր, բայց արդեն սկսել էր: Ռմբակոծություններ, սպանություններ, առևանգումներ… զավակներիս վրա դողալով, դուրս եկանք»,- պատմում է սիրիահայը:
Հարութը ոսկերիչ է, Հալեպում խանութ և արտադրամաս ուներ: Հայաստանում սկզբում դժվարություններ կային` սովորելու, վարժվելու: Հիմա կարգավորվել է. «Երբ մարդ իր երկիրը փոխում է, դժվարությունների է հանդիպում, բայց հաղթահարեցինք: Ժամանակի կարոտ էր: Չէինք հասկանում, չգիտեինք: Մտածելակերպերի տարբերություններ շատ կային»:
Երևանում` Այրարաատ տոնավաճառի ոսկու սրահում. Հարութը վաճառում է Սիրիայից իրենց հետ բերած արտադրանքը. «Զարդի սեղան ունեմ, վաճառում եմ: Մեկ տարի առաջ եկանք, տեսանք, տեղը լավ էր: Փորձեցինք, մինչ օրս ստացվում է: Մեր հետ բերած արտադրանքն ենք վաճառում, որոշ բաներ այստեղից ենք ձեռք բերում և վերավաճառում»:
Հարութի կինը կեսօրից հետո ամուսնու հետ աշխատում է, օգնում է նրան: Դուստրերը դպրոց են հաճախում: Երեխաներին ավելի հեշտ է սովորել Հայաստանի կյանքին:
«Իրենց համար հեշտ է, լավ է: Մենք ենք, որ… Մեկ ամսով եկանք, ամեն ինչ թողել ենք, նույնիսկ հագուստ չենք բերել, շատ բան է մեզ կապում այնտեղի հետ»,-ասում է սիրիահայը:
Եթե Սիրիայում հիմնովին կարգավորվի իրավիճակը, Հարութը որոշել է, անպայման հետ են գնալու. «Մեր տուն-տեղի հարցերով հետաքրքրվելու պիտի գնանք: Դրանից հետո կորոշենք, թե ինչ պետք է անենք: Անպայման պիտի գնանք»:
Միայն տունը և ունեցվածքը չեն, որ Հարութին հետ են կանչում Սիրիա. «Իմ մեծ մայրն ու մեծ պապը գաղթական են, 1915-ին եկել են Արևմտյան Հայաստանից, մենք էլ Հալեպում ենք ծնվել: Հիմա մենք էլ ենք գաղթական, նախկինում ոտքով էին գաղթում, մենք էլ ինքնաթիռով գաղթեցինք: Արդյունքը նույնն է: Հայրենիքի զգացումը մեծ ժամանակ է պահանջում, ես չեմ կարող մեկ, երկու տարվա մեջ զգալ, որ… ծննդավայրն ուրիշ կողմն է: Հայրենիքը, այո, հոգուդ մեջ է, բայց ծննդավայրում ապրել ես: Ապրած կյանքդ, տարիներդ… ընկերներ, սովորույթներ, մի խոսքով, մի ամբողջ կյանք: Ես կարոտում եմ դա: Իմ տունն եմ կարոտում և բարեկամներիս»:
Հարութի խոսքով, իրենք երբեք չեն զգացել, որ մուսուլմանական երկրում են ապրում. «Երբեք, որպես քրիստոնյա, իրենց համար փուշ չենք եղել: Եղբայրացած էինք: Բայց, երբ այս դեպքերը եղան, լարվածություն էլ առաջացավ, որ չկար հայերի և արաբների միջև: Պատերազմի պատճառով մենք շատ տուժեցինք: Մենք կապ չունեինք այս պատերազմի հետ: Մենք, փոքրամասնություն լինելով, տուժեցինք: Եթե ավելի մեծ թվով լինեինք, կարող էինք ավելի հզոր ձայն ունենալ, այս վիճակին, գուցե, չհասնեինք, դուրս չգայինք: Ստիպված եղանք դուրս գալ, որ ավելի չտուժենք: Շատ հայեր սպանվեցին, թալանվեցին…»:
Հալեպում նախկինում վստահություն և խաղաղություն ունեինք, ասում է Հարութն ու նշում, որ հիմա այդ խաղաղությունն է, որ գտել են Հայաստանում. «Դա է, որ մեզ կապում է այստեղին: Ես ապագան չեմ տեսնում, չեմ պատկերացնում, ինչպիսին կլինի: Անորոշ վիճակում ենք: Ժամանակն է, որ պիտի որոշի, իրավիճակն է, որ պիտի որոշի»: