armenianow.com – «Ջինսի խամ կտորը կներմուծենք, բայց մնացած ամեն ինչը՝ ըլլա կարով, ըլլա լվացքով, ըլլա շուշաթղթով, ըլլա մաշացնելով՝ մենք կընենք…»- բացատրում է Հալեպից Երևան տեղափոխված տեքստիլագործ Հարութ Փափազյանը, ով արդեն մեկ տարուց ավելի է՝ Երևանի արվարձաններից մեկում՝ Նուբարաշենում, հիմնել է տրիկոտաժի փոքր արտադրամաս, որտեղ այս տարվա սկզբից արտադրվում են առաջին հայկական «Մաքս» ֆիրմային ջինսերը:
«Դուրսեն հատուկ մասնագետ հրավիրեցինք, ով եկավ ու մեզի սորվեցուց ջինսի արտադրության հետ կապված նրբությունները: Մտահղացումը իմս էր՝ արտադրել հայկական ջինս, իսկ ինչո՞ւ ոչ… Եթե հաջողություն ըլլա, անշուշտ կրնանք նաև արտահանել,- ասում է 32-ամյա Փափազյանը: – Ո՞րն է գործարարի գաղտնիքը. որքան արտադրես, կարողանաս լիարժեք սպառել, այդ դեպքում հաջողություն կունենաս»:
Հարութի նախնիները Մալաթիայից են և Ուրֆայից (Արևմտյան Հայաստան, Թուրքիա): 1915 թվականի Մեծ եղեռնից հետո գաղթել են Սիրիա, հիմնավորվել Հալեպում: 1967-ին Հարութի հայրը ստեղծել է փոքրիկ արտադրություն, որտեղ արտադրել են բազմոցների ծածկոցներ:
«Պուճուր սկսանք՝ վերջը կամաց-կամաց զորացանք, մեկը դառավ երկու, և դուրսը շուկաներու վրա սկսանք վաճառք ընել, կարտահանեինք արաբական երկրներ և Ռուսաստան, գրեթե 50 աշխատող ունեինք: Պատերազմի սկսման հետ արտադրությունը կանգնեցրինք: Հիմա ծնողներս դեռ Հալեպ են, բայց ճանապարհները բացվեն՝ Հայաստան պիտի գան»,- ասում է Հարութը:
Պատմում է, որ Հայաստանում բիզնես սկսելու գաղափարը մինչև Սիրիայի պատերազմն է ունեցել: Մի քանի անգամ հայրենիք գալ-գնալուց հետո սկսում է ուսումնասիրել հայաստանյան օրենսդրությունը՝ որքանո՞վ է այն նպաստավոր երկրում ներդրումներ անելու համար:
«Ինձի նման շատեր կան՝ հավատացեք, որ կուզեն գործ դնեն, բայց դեռ կսպասեն: Առաջիններեն եմ, ով չվախցավ ջուրը մտնելե: Դեռ վաղ է արդյունքների մասին խոսելը, ավելի ուշ պարզ կըլլա: Բայց ես կուզեմ հայրենիքում զորանալ, հոս կազմակերպել ու մեծացնել արտադրությունս: Օրենսդրական դաշտը դյուրին չէ մեզի համար, բայց կփորձենք հասկնալ, մեզ համար բացառություններ չկան, մենք կաշխատենք տեղացիների նման»,- բացատրում է Հարութը:
Հայաստանյան շուկայում արդեն հայտնի է սիրիահայ գործարարի «Ստելլա» ֆիրմային տրիկոտաժը՝ կանանց և տղամարդկանց վարտիքներ ու անդրավարտիքներ, մարզահագուստ: Տեքստիլագործ Փափազյանի փոքրիկ արտադրամասն ապահովում է 22 աշխատատեղ, որոնց մեջ կան նաև սիրիահայեր, միջին աշխատավարձը՝ 80 հազար դրամ (200 դոլար):
«Որոշեցա՝ Հայաստանին մեջ վաճառեմ ապրանքս, լավ որակ ցույց տամ ու ատանկ էլ կընեմ: Քիչ մը թանկ կնստի վրաս, բայց հայաստանցին կիմանա, որ կրնա լավ որակով ապրանք ստանալ՝ ըլլա ջինսի մասով թե անդրավարտիքի, թե վարտիքի, թե մարզահագուստի»,- ասում է նա:
Գործարարը բացում է կարի արտադրամասի դուռը, և միանգամից զգացվում է կտորի ու թելի յուրահատուկ բուրմունքը: Ժպիտը դեմքներին կանայք աշխատում են, մոդելավորողը ցուցադրում է փոքրերի համար առաջին անգամ կարված ջինսե հագուստը:
Կողքի սենյակում ձևման արտադրամասն է: Սեղաններին փռված կտորները ձև ու կերպարանք են ստանում համակարգչային տարբերակով: Ձևարանի պատասխանատուն սիրիահայ Հակոբ Բալմանուկյանն է, ով հայրենիք է եկել կես տարի առաջ:
«Նայեք էկրանին՝ արդեն ձևած ջինսի փռվածքն է՝առաջամասը, հետևամասը, գրպանները, գոտին… կարևորը, որ գործ ունիմ»,- ասում է Հակոբը:
Ձևարանի մի հատվածում ջինսի կտորի ներմուծված թոփերն են, ինչի համար սիրիահայ գործարարը չի կարողանում ափսոսանքը թաքցնել:
«Նախքան գործ դնելը կպտտեի ու կտեսնայի՝ լիքը ֆաբրիկներ կան կանգնած, ոմանց սեփականատերերը իհարկե վաճառած են հաստոցները, բայց որոշ տեղերում դեռ կան… մեր սիրիահայերը կամ դրսից գործարարներ կան շատ, եթե անոնց հոս քիչ մը դյուրինություն տան, կուգան, կսարքեն ֆաբրիկները՝ կտորի, թելի, կոճակի, ռեզինի, ու աս 70 տոկոսը, որ դուրս կուտանք, հոս կմնա, ամեն ինչը տեղում կարտադրվի: Թող հայրենիքը զորանա, ոչ թե այլ երկրներ: 30 տոկոսն է հոս միայն մնում, 70-ը դուրս կուտանք»,- գործարարին բնորոշ հոտառությամբ բացատրում է Հարութը:
Համոզված է, որ եթե տեղում կտորի արտադրություն լիներ, ավելի արագ կհզորանար: Ներմուծման դեպքում սահմանի վրա հարկեր են մուծում, ինչը բարձրացնում է արտադրած ապրանքի ինքնարժեքը:
«Մենք շատ կփափագենք, որ հոս ապրինք, ու ոչ միայն ես, շատ սիրիահայեր կուզեն հայրենիքում վերջնականապես հաստատվել: Հոս կյանքը լավ է ու գեղեցիկ մեզի համար ամեն ինչով, բացի գործեն: Շատերն ալ կդժգոհեն, քանի որ չեն տեղավորվեր տեղի օրենքներու մեջ, դյուրին չէ գործ դնելը: Բայց շատեր կցանկանան արտադրություն հիմնել Հայաստանում, այս պարագայում ժողովուրդն ալ պետք չի ունենա երկրից դուրս ելլելու: Ինձնով կամ քեզնով չի վերջանար, եթե բոլորը ձեռ ձեռի զարկեն իրարու հետ, այն ժամանակ երկիրը կզարգանա»,- մտահոգ ասում է Հարութը:
Նա հպարտությամբ է ասում, որ գործարարին բնորոշ հմտությունները պապերից է իրեն փոխանցվել:
«Այն ատեն ամեն ինչ ձգելով՝ եկան Սիրիա ու զրոյեն սկսելով՝ ծաղկեցրին օտար մի երկիր: Հիմա նորեն՝ վերջը հասած ենք հայրենիք ու նորեն զրոյեն, բայց մենք սովոր ենք աշխատել: Մեր պապերեն ենք սորվել, այսինքն՝ դու քո ուժին, քո բազկին նախևառաջ պիտի ապավինես: Շատ սիրիահայեր այս քանի մը տարվա մեջ սկսած են գործ դնել, բայց դաշտն ալ իր հերթին պետք է դյուրին ըլլա, որ մարդիկ ալ հեշտությամբ հարմարվեն»,- ասում է Հարութ Փափազյանը:
Նազիկ Արմենակյան