yerkirmedia.am – ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը չեզոք պատասխան է տվել ԱՊԱ լրատվական գործակալության այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Լեռնային Ղարաբաղում սիրիահայերի բնակեցման մասին:
“Սիրիայում շարունակական հակամարտության պատճառով 2 միլիոն մարդ փախստական է դարձել: Տարածաշրջանի երկրները նրանց մեծ մասին ապաստան են տվել: Սա արտացոլված է Սիրիայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւում:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա մենք տեղեկություն չունենք այնտեղ Սիրիայից հայ ընտանիքների բնակեցման մասին: Քիչ հավանական է, որ այնտեղ զանգվածային բնակեցում է եղել”,- ասել է Պոպովը:
Միջնորդը նաեւ ասել է, որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ առանձին հանդիպում ունենալուց հետո առաջիկայում պատրաստվում են հանդիպել նաեւ Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Իսկ արտգործնախարարների, ապա նաեւ՝ նախագահների մակարդակով համատեղ հանդիպումներ, ըստ Պոպովի՝ կանցկացվեն այն դեպքում, երբ հասնեն կողմերին գոհացնող տարբերակների: