ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երկու ամսից ավելի է՝ Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասի բնակիչներն օգտվում են «Իհսան» բարեգործական միության տրամադրած ամենօրյա ճաշից: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ հալեպահայերի ֆեյսբուքյան էջերից: Աղբյուրների տեղեկացմամբ` ճաշի մատակարարումը տեղի է ունենում Ազգային Սահակյան վարժարանում, որտեղ օգտվող ընտանիքիների թիվը հասել է մոտ 250-ի, իսկ ընդհանուր թիվը` շուրջ հազարի: Կամավոր աշխատող հանձնախմբի տղաները և աղջիկները շաբաթվա 6 օրերի կեսօրվա ժամերին ընդունում են բնակիչներին:
Հալեպում անցնող շաբաթվա ընթացքում ռազմական գործողությունները համեմատաբար քչացել են, սակայն որոշ շրջաններում իրավիճակը չի փոխվել: Սիրիական բանակը շարունակում է դիրքեր գրավել՝ մաքրելով տարածքները զինյալներից: Բանակն արդեն իր հսկողության տակ է վերցրել Շեյխ Նաջջարի շրջանի մեծ մասը:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպում հունվարի 14-ին ազատ է արձակվել 84-ամյա Գալուստ Համբարձումյանը: Վերջինս առևանգվել էր մոտ մեկ ամիս առաջ՝ 2013թ.-ի դեկտեմբերի 23-ին:
2011թ.-ի մարտից ի վեր սիրիական հակամարտության ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը, մինչև այժմ որոշ հայեր շարունակում են առևանգված մնալ զինյալների ձեռքում:
Հալեպ, Նոր Գյուղ, Իհսան բարեգործական ընկերություն, ամենօրյա ճաշ