1in.am – Արամ Ա կաթողիկոսը Սիրիայի հարցով ժնևյան համաժողովում կբարձրացնի Սիրիայի քրիստոնյա բնակչության ոչնչացման հարցը: Այս օրերին «Ժնև 2» համաժողովին մասնակցելու նպատակով Շվեյցարիայում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն և Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ Սարգսյանը:

Արամ Ա կաթողիկոսը մտադիր է ժնևյան համաժողովում խոսել Սիրիայի քրիստոնյա բնակչության ոչնչացման կանխամտածված հատուկ գործողությունների, սպանությունների, հայկական ընտանիքների բռնի մահմեդականացման մասին։ Նա արդեն ընդհանուր դիրքորոշում ձևավորելու նպատակով խորհրդակցություններ անցկացրել է Անտիոքի ուղղափառ եկեղեցու պատրիարք Հովհաննես X-ի Մարոնիթների, կարդինալ պատրիարք Բաշար Բուդրոս Ար-Ռայիի, սիրիական Անտիոքի պատրիարք Մար Իգնատիոս I-ի հետ։ Թեև զուգահեռաբար տեսակետներ են շրջանառվում, որ Ժնևի համաժողովի ընթացքում բռնի մահմեդականացման գործողությունների մասին խոսելն էլ ավելի կբորբոքի այդ գործով զբաղվող գրոհային խմբավորումների տրամադրությունները, ուստի Սիրիայում հայ համայնքի առաջնորդները խուսափում են այդ մասին խոսել բացեիբաց:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանն ասաց, որ սխալ կլիներ համաժողովի ընթացքում շրջանցել, չբարձրացնել մի հարց, որի մասին վերջին շրջանում խոսում է ողջ աշխարհը: Ավելին, նրա խոսքով, «այդ թեման բարձրացնելն այլևս քրիստոնյաների ձեռքում չէ, այնպես չէ, որ այդ թեմայի շուրջ աշխարհը լռում է»:

«Այս օրերին ամբողջ աշխարհը խոսում է այն մասին, որ տարբեր ուժեր, որոնք հավակնում են իրենց կրոնական նշանաբաններով մեջտեղ գալ, օգտագործում են կրոնական գործոնը, քրիստոնյաների վիճակը: Ավելին, եթե մենք ունենք 2 եպիսկոպոս առաջնորդներ՝ ասորի եպիսկոպոս և հույն ուղղափառ եպիսկոպոս՝ առևանգված, ունենք քահանաներ՝ առևանգված, մայրապետներ՝ առևանգված, անշուշտ, այդ մասին պետք է խոսվի, պետք է խոսվի քրիստոնյաների վիճակի՝ անվտանգության և սպառնալիքների մասին»,- նշեց Արմաշ սրբազանը:

Նա նաև պարզաբանեց, որ հատկապես քրիստոնյաների նկատմամբ համատարած հալածանք, բարեբախտաբար, չկա: Սրբազանը հաստատեց, որ քրիստոնյաների նկատմամբ եղել են մահմեդականացման գործողություններ, սակայն դրանք, նրա համոզմամբ, չպետք է չափազանցեցնել և դիտարկել, որպես անընդհատ երևույթներ, քանի որ դրանք առանձին դեպքեր են եղել: Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի վստահեցմամբ, այսօր Սիրիայում բոլորն են վտանգի տակ, բոլորն են ենթարկվում բռնի գործողությունների՝ թե՛ փոքրամասնություն, թե՛ մեծամասնություն: