yerkirmedia.am – Նոր տարին հալեպահայ մեր հայրենակիցները դիմավորել են պատերազմական մթնոլոտում, պայթյունների եւ հրետանակոծության պայմաններում։ Ինչպես հաղորդում է մեր սեփական թղթակից Մարիա Գաբիրելյանը, նախորդ երեք օրերին ականանետերի արկեր ու հրթիռներ են արձակվել հայաբնակ Սուլեյմանիե, Վիլլաներ, Ազիզիե եւ Նոր Գյուղ թաղամասերի ուղղությամբ, մյուս կողմից` լսվել են հրաձգությունների եւ ռումբերի պայթյունների ձայները:
Նոր տարվա առաջին ժամերին եւ օրերին ֆիզիկական լուրջ վնասներ չեն արձանագրվել, գրանցվել են միայն որոշ բնակարանների եւ ավտոմեքենաների տարբեր աստիճանի վնասներ: Դեկտեմբերի երեքին, սակայն, տանկի արկի պայթյունի հետեւանքով զոհվել է 11-ամյա քրիստոնյա մի երեխա: Նույն արկի բեկորներից վիրավորվել է նաեւ դպրոցական Լեւոն Լեհիմջյանը եւ հայազգի երիտասարդ Գոքո Գեւորգյանը։ Առաջինը վիրահատության է ենթարկվել։ Համազարկը հնչել է այն պահին, երբ երեխաներն ավարտել են դասերը եւ դպրոցից դուրս են եկել։