ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի հիմնական խնդիրները լուծված են, օրկարարգային է շարունակում մնալ բնակարաններով ապահովման խնդիրը, որը կլուծվի Աշտարակ քաղաքում սիրիահայերի համար նախատեսված «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմամբ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:

«Հիմնախնդրների մեծ մասը լուծված է, այդ թվում կեցության և աշխատանքի ապահովման հարցերը: Եթե հաջողվի «Նոր Հալեպ» ծրագիրը, կլուծվի նաև բնակարանների խնդիրը»,- նշեց Հալաջյանը, ում գնահատմամբ` բնակարաններով ապահովելը սիրիահայերին հնարավորություն կտա ավելի ամուր հաստատվել հայրենիքում: Նա տեղեկացրեց, որ նախանշված է, որ թաղամասի կառուցումը կավարտվի երկու տարուց:

Կազմակերպության նախագահի խոսքով` դեպի Հայաստան եկող սիրիահայերի հոսքը չի դադարել, և նրանցից շատերն այժմ հայրենիք են գալիս Լիբանանից:

Անդրադառնալով միջազգային և հասարակական կազմակերպությունների աշխատանքին ուղղված սիրահայերին` Հալաջյանը շեշտեց, որ աննախադեպ էր նաև մեր պետության վերաբերմունքը սիրիահայերի նկատմամբ:

«Աննախադեպ վերաբերմունք ասելով նկատի ունեմ նաև հայաստանաբնակ շարքային հայերի ջերմ վերաբերմունքը: Ի տարբերություն 1946 թվականի հայրենադարձության` հասարակության մեջ այլևս չկա հայրենադարձներին «ախպար» անվանելու կարծրատիպը, բացասական ընկալումը: Այսօրվա հայաստանաբնակը այս հարցում բացառիկ հաջողություն ունի»,- նշեց կենտրոնի ղեկավարը` հավելելով, որ այդ գործում իր մեծ ներդրումն ունի նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Աշտարակ քաղաքում 5 հա հողատարածք է առանձնացվել Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար բազմաբնակարանային շենքեր կառուցելու համար: Տարածքն առանձնացրել է Աշտարակի քաղաքապետարանը: Նախատեսվում է նման թաղամասեր կառուցել նաեւ Հայաստանի այլ քաղաքներում, մասնավորապես Էջմիածնում: Բնակարանները կառուցելու համար կհայտարարվի մրցույթ, ինչի արդյունքում կընտրվի շինարարական կազմակերպությունը: Մինչև Սիրիայի ներքաղաքական լարված իրավիճակը` երկրում ապրում էին 70-80 հազար հայեր: Վերջին երկու տարիներին երկիրը լքել են շուրջ 20 հազար սիրիահայեր, որոնցինց 12 հազարը եկել է Հայաստան: Հետագայում մի մասը կրկին հեռացել է, մի փոքր մասն էլ հաստատվել Եվրոպայում կամ Ամերիկայում: