ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բնակվող սիրահայ մոտ 200 երեխաների համար դեկտեմբերի 24-ին ՀՀ նախագահի նստավայրում տոնական ընդունելություն էր կազմակերպվել` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Երեխաների համար տոնական մթնոլորտն ապահովված էր շնորհիվ հեքիաթային ուրախ կեպարների, նոր տարվա խորհրդանիշ` Ձմեռ պապի և Ձյունանուշի: Տոնական միջոցառման ընթացքում երեխաներին ողջունեց և իր բարեմաղթանք հղեց ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը: «Սիրելի երեխաներ, ես ցանկանում եմ շնորհավորել ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթել քաջառողջություն: Թող այս Նոր տարում կորչեն բոլոր պատերազմները, և բոլորն ապրեն խաղաղ երկրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց առաջին տիկինը:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ նախագահ Լենա Հալաջյանը Ռիտա Սարգսյանին նվիրեց սիրահայերի ձեռքով պատրաստած հուշանվերներ ի նշան երախտագիտության: «Երեխաների հյուրընկալելու գեղեցիկ միջոցառում կազմակեպելն արդեն ավանդույթ է դարձել նախագահի աշխատակազմում: Սիրիահայ երեխաներն ունեն բարձր տրամադրություն և այս այցը մեծ իրադարձություն է թե երեխաների և, թե նրանց ծնողների կյանքում, որովհետև նրանք առաջին անգամ են հայրենիքում և առաջին անգամ են նախագահի նստավայրում»,- ասաց ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Կարեն Արբատուրյանը 15 տարեկան է, սովորում է Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցում, ինչպես նրա հասակակիցներից շատերի համար, նրա համար էլ նախագահի նստավայրում հյուրընկալվելն առանձնակի ուրախություն է: «Ձմեռ պապիկից առաջին հերթին Սիրիային խաղաղություն եմ խնդրելու»,- նշեց Կարենը:
Արմին Մուսալին, ով 12 տարեկան է, սովորում է «Արեգնազան» կրթահամալիրում, նշեց, որ ամենից շատ կարոտում է Սիրիայի իրենց տունը և այնտեղի ընկերներին: «Մեկ ու կես տարի է, ինչ Հայաստանում ենք, արդեն հարմարվել ենք միջավայրին, խնդիրներ չեն եղել: Շատ եմ ցանկանում, որ Սիրիայում իրադրությունը լավանա և խաղաղվի»,- ընդգծեց Արմինը:
Ալեքսան Կարադանայանը «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի» ներկայացուցիչ է, նա նույնպես շեշտեց, որ նախագահի նստավայր այցելելը, թե իրենց թե երեխաների համար մեծ պատիվ է: «Երեխաները իրենց հետ լավ տպավորություններ կտանեն»,- շեշտեց Կարադանայանը:
Երեխաներին և նրանց ծնողներին Ամանորին նվիրված կատարումները վայելելու հնարավորություն ընձեռեց Սիրիայից ժամանած երգչախումբը:
2012 թվականի ընթացքում նախագահական նստավայրում հյուրընկալվել են 6-12 տարեկան երեխաներ` գիշերօթիկ դպրոցների, մանկատների սաներ, սիրիահայ երեխաներ, ինչպես նաև այլ խոցելի սոցիալական խմբերի երեխաներ: Նախպորդ տարի նախագահի նստավայրում նույնպես հյուրընկալվել էին 200 սիրահայ երեխաներ: