ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Սիրիահայ մանուկներն այս տարի հնարավորություն կունենան հետաքրքիր և յուրօրինակ նվերներ ստանալ գրքի տեսքով: Թումանյանի թանգարանը մինչև տարեվերջ արևմտահայերենով լույս կընծայի Ամենայն Հայոց բանաստեղծի անձնական գրադարանի մանկական գրքերից 1914 թվականին Կոստանդնուպոլսում տպագրված «Ութ հեքիաթները» ժողովածուն:

«Գիրքը յուրահատուկ նվեր կլինի սիրիահայ մանուկների համար: Ժամանակն է, որ մենք շատ սիրենք ու փայփայենք արևմտահայերենը: Մենք որքան շատ կարդանք, այնքան կհետաձգենք արևմտահայերենի մահը: Հիմա սիրիահայերն այստեղ են և սկսել են արևելահայերեն խոսել, և շատ ափսոս է, որովհետև արևմտահայերենը մի տեսակ կորչում է: Մի օր էլ մեր առջև կծառանա լեզվի փրկության հարցը»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Թանգարանի տնօրենի հավաստմամբ, ստեղծվել է «Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանի մանկական գրքեր» մատենաշարը: Թանգարանը պատրաստվում է այս մատենաշարով հրատարակել գրողի գրադարանում եղած մանկական բոլոր գրքերը: «Մենք որոշեցինք վերակենդանացնել Թումանյանի գրադարանի մանկական գրքերը: Թումանյանն ունի չնաշխարհիկ մանկական բաժին, որում առկա են արտակարգ նկարազարդումներով և բարձրորակ տպագրությամբ 19- րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի գրքեր: Դրանք պահված են պահարանում և, ըստ էության, չեն ապրում, որովհետև ֆոնդային են: Մեր երեխաները չեն կարող դրանք կարդալ, իսկ գիրքը փակ պահարանում պահելը հանցագործություն է: Դրա համար որոշեցինք ստեղծել հենց այս մատենաշարը»,- նշեց Թուխիկյանը:

«Ութ հեքիաթներից» բացի, այս պահին տպարանում է նաև 1909 թ-ին ռուսերեն տպագրված «Ձյունեղեն երազ» հեքիաթ-գիրքը, որը թարգմանվել է հայերեն:

Նարինե Թուխիկյանը հավաստիացրեց, որ հաջորդ տարի գրքերի վերահրատարակումը կշարունակվի:

2013 թվականին թանգարանն ակտիվ գրահրատարակչական գործունեություն իրականացրեց: Տպագրվեց Թումանյանի զավակներից մեկի` Արտավազդի արխիվի մի մասը` նամականին: 1913թ. Թումանյանը թարգմանեց Գրիմ եղբայրների ինը հեքիաթ, թանգարանը հրատարակել է հեքիաթներից երկուսը` «Հենզելն ու Գրետելը» և «Կարմրիկը»:

1953թ. ապրիլին ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով բացվել է Երևանում Հովհաննես Թումանյանի թանգարանը, որտեղ խնամքով պահվում է ավելի քան 18000 ցուցանմուշ:Երկրորդ հարկի առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը` Թումանյանի բացառիկ և բազմաբնույթ անձնական գրադարանը` մոտ 8000 հատորով: Մեծ տպավորություն է գործում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը: Թանգարանի ուշագրավ անկյուններից է նաև «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է «Անուշ» օպերայից հատվածներով: