ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի ամբողջականացված հատակագիծն արդեն պատրաստ է: Բնակարային համալիրը կլուծի 488 սիրիահայ ընտանիքի կացարանային պայմանները: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ սիրիահայերին «Նոր Հալեպ» թաղամասի ճարտարապետական լուծումները ներկայացրեց թաղամասի հատակագծի հեղինակ, «Ճարտարապետների համահայկական ընկերակցության» համանախագահ Վահե Թութունջյանը: ««Նոր Հալեպ» թաղամասը գտնվելու է Աշտարակ քաղաքում` Աշտարակից Էջմիածին տանող մայրուղուն մոտ: Թաղամասը բաղկացած կլինի երկու բնակելի և ակումբային շենքերից: Ակումբը պետք է ծառայի մշակութային և առողջապահական կյանքն ապահովելու համար: Բնկարանային համալիը կունենա լողավազան, մարզասրահ, թենիսի և բասկետբոլի մարզադաշտեր, մանկապարտեզ, եթե պետք լինի` նաև դպրոց: Գետնահարկում կտրամադրվեն փակ ավոտկանգառներ, որտեղից կարելի կլինի բարձրանալ բնակարաններ»,- ներկայացրեց Վահե Թութունջյանը` հավելելով, որ թաղամասը կծառայի 2 հազար սիրիահայի:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով` «Նոր Հալեպ» թաղամասը իրականություն կարող է դառնալ, եթե յուրաքանչյուր հայ երկու դոլարի նվիրատվություն կատարի: «Սիրիահայերին Հայաստանում ընդունելով`մենք երկու խնդիր ունեինք մեր առջև` մարդկանց ապահովել աշխատանքով և բնակարանով` հայրենիքում հաստատվելու համար: «Նոր Հալեպ» թաղամասի համար Աշտարակ քաղաքում տրամադրվել է 4.8 հեկտար տարածք, նախագծման աշխատանքները կատարվել են հայաստանյան և սփյուռքի ճարտարապետերի կողմից: Այսօր մենք հրավիրել ենք սիրիահայերին, որպեսզի ներկայացնենք պայմանները»,- նշեց նախարարը:
Հրանուշ Հակոբյանի խոսքով` բնակարանների կառուցումը կսկսվի այն ժամանակ, երբ ավարտվեն նախագծման աշխատանքները և առկա լինի ֆինանսավորում: «Յուրքանչյուր սիրիահայ, ով կցանկանա բնակարան ունենալ, պետք է որոշակի ներդրում կատարի, մենք էլ պետք է տարբեր աղբյուրներից գումարներ հավաքագրենք, որ հնարավոր լինի կյանքի կոչել ծրագիրը»,- հավելեց Հրանուշ Հակոբյանը:
Նախարարի հավաստմամբ` մոտավոր հաշվարկներով` «Նոր Հալեպ» թաղամասում մեկ քառակուսի մետր մակերեսի արժեքը ամբողջությամբ պատրաստ բնակարանի համար կարժենա 500-550 դոլար, առանց հարդարման` 350-400 դոլար:
Ճարտարապետ Վահե Թութունջյանի խոսքով` երեք ամսից պատրաստ կլինեն թաղամասի վերջնական գծագրերը, որից հետո մրցույթ կհայտարարվի, և առավելագունը երկու տարուց թաղամասը պատրաստ կլինի:
Բանկերի հանդիպմանը ներկա ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց ծառայություններից օգտվելու պայմանները նրանց համար, ովքեր բնակարան ձեռք բերելու համար վարկ վերցնելու անհրաժեշտություն կունենան:
Սիրիահայերը հետաքրքրված էին ծրագրով, հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանեցին ծրագրի կազմակերպիչները:
ՀՀ Նախագահի հրամանով` հունիսից մեկնարկել է «Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը, որը նախատեսված կլինի Սիրիայից Հայաստան եկած քաղաքացիների համար: