ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպը կենցաղային, տնտեսական, քաղաքական, պատերազմական դժվարություններից բացի այժմ դիմագրավում է եղանակային անբարենպաստ պայմաններին, մասնավորապես փոթորկին: Հալեպում արդեն տեղատարափ անձրևներ և փոթորիկ է սկսվել: Իսկ դեկտեմբերի 11-ի առավոտյան ձյունը ծածկել է ողջ քաղաքը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից:

Արաբական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Հալեպի որոշ թաղամասերում, մասնավորապես Շեյխ Սայիդ, Ռաշիդին, Խալիդիա, Բուսթան ալ Կասր թաղամասերում շարունակվում են բախումները: «Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ` Սիրիայում դեկտեմբերի 10-ին 76 մարդ է զոհվել, որի մեծամասնությունը Հալեպում և Դամասկոսում:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում 2.5 տարվա ընթացքում զոհվերի թիվը գերազանցել է 120 հազարը: Այդ թվում մինչև 2013թ.-ի նոյեմբերի 14-ը զոհվել է 65 հայ: