panorama.am – Հայաստանում ապաստանած սիրիահայերին Պարենի համաշխարհային ծրագրով նախատեսված ամսական 12 կգ պարենամթերքը դեկտեմբեր ամսին չի բաժանվի: Ինչպես Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Լենա Ալաջյանը, փաթեթի բաղադրիչների փոփոխություն է լինելու, ինչի պատճառով էլ օգնությունը մեկ ամսով դադարեցվում է:

Բանն այն է, որ շատ սիրիահայեր դժգոհում էին, թե իրենք չեն կարող օգտագործել տրամադրած ալյուրը, որ քիչ է և այլն: Սիրիահայ մի կին էլ Panorama.am-ին դժգոհել էր, թե ինքը քաղաքից է եկել, հաց թխել չի կարող ու այդ ալյուրը իրենց ոչնչով չի օգնում:

Լենա Ալաջյանը մեզ հայտնեց, որ նախքան մարդկանց դժգոհություն բարձրացնելը, իրենք արդեն հանդիպել էին Պարենի գրասենյակի հետ, տնօրենը կազմակերպության և Սփյուռքի նախարարի հետ քննարկել էր հարցը: Իրենք առաջարկել են, որ փոփոխություններ լինել փաթեթում և առաջարկներն ընդունվել են:

«Հիմա դեկտեմբեր ամսին ծրագիրը կդադարեցվի, որպեսզի բաղադրիչներում փոփոխություններ լինեն: Ալյուրը պիտի նվազի, մյուս բաղադրիչները կավելանան: Հունվարից նորից կբաժանվի: Նախկինում բաղադրիչները համահավասար համեմատությամբ էին: Սկզբում նախատեսվում էր 30 կգ փաթեթ բաժանել, հետո դարձավ 16 կգ, համեմատելով հասկացանք, որ նույն կերպ են նվազում բաղադրիչները, բայց մեզ համար էլ էր անակնկալ, որ դարձավ 12 կգ, քանի որ այդ մասին չէին խոսել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ալյուրի հետ կապված դժգոհություններին, ապա, ըստ Լենա Ալաջյանի, եթե սիրիահայն այդ 12 կգ ալյուրն ինքը չթխի, կարող է այն տանել, օրինակ, հացի փռում հանձնել կամ հացով փախանակել:

«Կարևորն այն է, որ ամսական 60 տուն ալյուր պիտի գա Երևան: Սա բարիք է, չէ՞: Մարդիկ գտան, որ դա արժանապատվության հարց է, ովքեր, որ չեն կարողանում հաց թխել, կարող են վաճառել: Ալյուրի, հացի հարցն առաջնային անհրաժեշտություն է: Դրանից առաջ օգտագործված հագուստ բաժանվեց, որևէ մեկն արժանապատվության հարց չբարձրացրեց: Ես արժանապատվության հարց չեմ տեսնում, մարդիկ բազմազան են, իրենց կարիքները՝ ևս: Եթե ինչ-որ օգնություն ինձ համար որևէ նյութական արժեք չի ներկայացնում, բայց կարող է ուրիշին արժեք ունենալ, ինչո՞ւ ես արգելք լինեմ, որ ուրիշը չօգտվի դրանից»,- շեշտեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահը: