ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Ղամիշլի քաղաքում ավտոբուսի պայթյունից մահացել է հայազգի Վարդգես Ավետիսյանը և վիրավորվել են Խաչիկ Ազիզյանն ու Գևորգ Նազարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը` նշելով, որ տեղեկությունն ստացվել է Ղամիշլիի տեղեկատվական մարմնից: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին` 11.15-ին, Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ղամիշլի քաղաքի հարավային թաղամասերից մեկում, ուր աշխատում են նաև հայ արհեստավորներ: Մահապարտ ահաբեկիչը, ով գտնվել է ավտոբուսի մեջ, պայթեցրել է այն, որի հետևանքով մահացել է ավելի քան 20 մարդ, բազմաթիվ մարդիկ էլ ստացել են մարմնական վնասվածքներ: Սիրիական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ Հարաթ Տայի թաղամասում տեղի ունեցած պայթյունը, բացի մարդկային կորուստներից, նյութական վնասներ է պատճառել:

Զարմիկ Պողիկյանի տեղեկացմամբ` Հալեպում բախումների արդյունքում էլ մահացել է 1987 թվականին ծնված Հայկ Արգատաշյանը:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում 2.5 տարվա ընթացքում զոհվերի թիվը գերազանցել է 120 հազարը: Մինչև 2013թ.-ի նոյեմբերի 14-ը զոհվել է 65 հայ: