hayernaysor.am – Նոյեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիա Լուկյանովային: Հանդիպմանը ներկա էին նաև սիրիահայերի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին սիրիահայերին տրամադրվող պարենային օգնությանն առնչվող այն հարցերը, որոնք բարձրացվում են սիրիահայերի կողմից:

Մասնավորապես նախարարը նշեց, որ ծրագրի իրականացման առաջին իսկ օրվանից ստացվել են տարաբնույթ կարծիքներ՝ ինչպես գոհունակություն, այնպես էլ մտահոգություններ:

Իր խոսքում նախարարը մատնանշեց նաև, որ ընդունելի և ողջունելի է ցանկացած օգնություն: Այդուհանդերձ, անհրաժեշտ է հաշվի առնել օգնությունը ստացող սիրիահայերի կարծիքը և հնարավորության դեպքում ծրագրում փոփոխություններ կատարելով՝ ավելացնել սիրիահայերի կողմից մեծ պահանջարկ ունեցող պարենամթերք:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիա Լուկյանովան նշեց, որ այսուհետ իրենք կլինեն առավել հետևողական ծրագրի իրականացման գործընթացում, և պատրաստակամություն հայտնեց քննարկել ՀՀ սփյուռքի նախարարի առաջարկությունները՝ ծրագրում բարեփոխումներ կատարելու վերաբերյալ:

28/11/2013