ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Կարմիր խաչ ընկերությունը` ավստրիական կառավարության տրամադրած միջոցներով, մեծ օգնություն կտրամադրի Հայաստան տեղափոխված սիրիահայերին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը տեղեկացրեց, որ 2013 թ. դեկտեմբերից մինչև 2014 թ. մայիս Հայկական Կարմիր խաչը ավստրիական կառավարության օժանդակությամբ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության միջոցով շուրջ 270 հազար եվրո օգնություն կհատկացնի մեր երկրում բնակություն հաստատած շուրջ 300 սիրահայ ընտանիքի:

Մնացականյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը մշտապես արձագանքում է մեր երկրում տեղի ունեցող սոցիալ-առողջապահական խնդիրներին և բավական լուրջ աշխատանք է տանում նաև սիրահայերին օգնելու կարևոր գործում: «270 հազար եվրոյի օգնությունը կլինի մասնագիտացման` արվեստ կամ արհեստ սովորեցնելու, ինչպես նաև հագուստ, սանիտարահիգիենիկ պարագաներ, սննդամթերք, անհրաժեշտ այլ պարագաներ գնելու տեսքով»,- նշեց Մնացականյանը: Նրա խոսքով` «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության շնորհիվ կհամակարգվեն ծրագրի աշխատանքները` օգնության կարիք ունեցող սիրահայ բոլոր ընտանքիներին աջակցելու համար:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լենա Հալաջյանը նշեց, որ այս ծրագիրը հայաստանաբնակ սիրահայերին ուղղված ամենախոշոր օգնություններից մեկն է լինելու: Նախքան այդ ամենամեծ գումարային օգնությունը կատարել էր Քուվեյթի պետությունը` Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնին փոխանցելով 100 հազար ԱՄՆ դոլար:

«Ընտանիքներին կտրվի ոչ թե գումարը, այլ այն ապրանքը կամ ծառայությունը, որի կարիքը նրանք ունեն: Օրինակ` եթե ինչ-որ մեկը մասնագիտությամբ դերձակ է և ունի կարի մեքենայի կարիք, ապա մենք մեքենան կտանք նրան և այդ կերպ կօժանդակենք»,- պարզաբանեց նա:

Հալաջյանը, անդրադառնալով շուրջ մեկ ու կես տարի Հայաստանում բնակություն հաստատած սիրահայերին ուղղված պետական, տեղական և միջազգային կազմակերպությունների օժանդակությանը, նշեց, որ այն, ինչ անում է պետությունը այդ հարցում, գովելի է: «Հաշվի առնելով մեր երկրում աղքատության բարձր ցուցանիշը, այն, ինչ արվում է, պետք է դրական գնահատականի արժանանա»,- ասաց նա:

Ավստրիայի կառավարությունը հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ Հայաստանում հաստատված սիրիահայերին 600 հազար եվրոյի աջակցություն կտրամադրի: 270 հազարը այդ երկիրը սիրիահայերին կուղղի Հայկական Կարմիր խաչի ընկերության, իսկ մնացած մասը` «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասակարական կազմակերպության միջոցով: «Արմենպրես»-ը կներկայացնի նաեւ «Հայկական Կարիտասի» ծրագրերը` ուղղված սիրիահայությանը:

Վերջին տվյալների համաձայն` Հայաստանում բնակվում է մոտ 11 հազար սիրիահայ, ովքեր բնակարանային և աշխատանքի հարցերով մշտապես կապի մեջ են ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Մոտ երկու տարում ավելի քան 16 հազար սիրիահայ է եկել Հայաստան, իսկ հետո նրանց մոտ 1/3-ը վերադարձել է Սիրիա, մի փոքր մասը` մեկնել Եվրոպա: Աշխատանքի խնդրանքով Սփյուռքի նախարարություն է դիմել 1000-ից ավելի սիրիահայ, և բոլորն ապահովվել են աշխատանքով` հետագայում աշխատանքի հրավիրելով նաև իրենց հարազատներին ու մտերիմներին: