panorama.am – Սիրիահայ Սիլվիա Նաջարյան- Յակուբյանը մոտ կես տարի առաջ չէր պատկերացնում, թե ԱՅԲ դպրոցում ինչպիսին կլինի իր ապագան: Ամեն ինչ սկսվեց ԱՅԲ տարրական դպրոցի ծրագիրը գրելով: Հաջողությամբ գործը կատարեց ու եկավ անձնակազմ հավաքելու ժամանակը: Սիլվիան մասնագիտությունների հայկական անվանումները լավ չգիտեր:

«Ասացին ավելի լավ կլինի ուսմասվարը լինեք ու հավաքեք անձնակազմը: Ուսմասվար բառն ինձ ծանոթ չէր, չէի պատկերացնում, թե դա ինչ է: Բայց ասացի`շատ լավ, կսովորեմ: Երբ սկսեցի աշխատել, հասկացա… Սկզբում կրթական մասով էր պատասխանատու ուսմասվարը, բայց հիմա արդեն գրեթե ամեն ինչի պետք է վազեմ: Մեծ պատասխանատվություն կա` լինի սեղանը, որ պիտի պատվիրենք, գիրքը, թուղթը, մատիտը, ի՞նչ պիտի սովորեն, ե՞րբ պիտի սովորեն, ինչպես պիտի սովորեն: Երեխան ժամը քանիսի՞ն պիտի տուն գնա, ճի՞շտ մեքենայի մեջ է, իր ծնողի՞ մոտ գնաց… այսպես, ամեն ինչի պատասխանատու ես: Հիմա արդեն զգում եմ»,- ասում է ԱՅԲ տարական տպրոցի փոխտնօրենը:

Ընտանիքի մասին. «Ընտանիք, չէր նշանակում նույն ազգանունն ունենալ… մի մեծ ընտանիք ունեինք»

Սիլվիան մեկ տարի առաջ է Հայաստան եկել, մինչ այդ ամուսնու և երկու երեխաների հետ ապրում էր Սիրիայում: Ուղիղ քսան տարի ապրել է Դամասկոսում, ուր հարս էր եկել Վաշինգտոնից. «Վարժվեցի Դամասկոսի կյանքին, այնտեղի թե հայերը, թե սիրիացիները շատ մարդամոտ են, ձեռքերն ու դռները` միշտ բաց: Շատ հանգիստ կյանք ունեինք: Վաշինգտոնում էի բնակվում և տեղափոխվեցի Դամասկոս, իհարկե ամեն ինչ տարբեր էր, բայց ինձ համար շատ ավելի հաճելի կյանք էր, շատ ավելի ընտանեկան մթնոլորտի մեջ էի: Մենք ունեինք մեր շրջապատը, բավական հաճախ հանդիպում էինք ակումբներում, ամուսինս եկեղեցու և Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ էր աշխատում: Ակումբներում, եկեղեցիում, դպրոցներում իսկական հայկական կյանք էր: Այո, Դամասկոսում էի ապրում, բայց շատ ուրախ էի, քան Վաշինգտոնում: Քսան տարի ապրեցինք և ունեցանք երկու երեխա` աղջիկ ու տղա»:

Դամասկոսում սկզբում չէր աշխատում, բայց քիչ անց սկսեց անգլերենի դասեր տալ ԱՄՆ դեսպանատանը. «Սիրեցի շատ այս գործը, երբ արդեն երկրորդ երեխաս ծնվեց, որոշեցի մասնագիտանալ կրթության մեջ: Մասնագիտանալուց հետո սկսեցի աշխատել ամերիկյան դպրոցում: Բոլորովին տարբեր մթնոլորտներ էին, ամերիկյան դպրոցից ներս ամերիկյան մթնոլորտ էր , հայկականը` ակումբներում ու եկեղեցում, և ունեի արաբականը` ամբողջ երկիրն ու ընկերներս: Այս երեք աշխարհը շատ լավ միացրել էի, իդելական էր, ամեն ինչս կար»:

Սիլվիայի խոսքով, Դամասկոսում ընտանիք ասվածն այլ նշանակություն ուներ. «Ընտանիք, չի նշանակում նույն ազգանունն ունենալ: Մի մեծ ընտանիք ունեինք, որտեղ բոլորս նույն գաղափարով էինք` լեզուն պահպանել, մշակույթը, պատմությունը: Թե այդ գաղափարներն ունենայիր, ուրեմն մենք ընտանիք ենք: Մենք, որ հավաքվում էինք Հոմենթմենի ակումբում, ամեն տեսակ մարդ կար, տարբեր ազգանուններով, բայց մեծ ընտանիք էր: Ամենաքիչը ամիսը մեկ անգամ հավաքվում էինք, մարդիկ կային, որ ամեն օր գնում էին: Ոչ թե իրար տուն էինք գնում, այլ կենտրոններ ունեինք, որտեղ հավաքվում էինք: Սա էր մեր ընտանիքը»:

Դամասկոսում երկու-երեք տեղ կա, որտեղ Սիլվիայի ընտանիքի անդամների միտքն է միշտ: Մեկն իրենց տունն է, որը խաղաղ, ապահով շրջանում է գտնվում, մեկը` ամուսնու ընտանիքի անդամների տունն է. «Միշտ մտահոգ ենք իրենց համար, բայց փառք Աստծո, ամեն ինչ կարգին է իրենց հետ: Ընտանեկան պարտեզ ունենք, որը շատ վտանգավոր տեղում է, չգիտենք` ինչ վիճակում է: Այնտեղ շատ հիշողություններ ունենք, բայց ի՞նչ արած… մարդիկ կան ամեն ինչ են կորցրել: Կարևորը վայրերը, տները չեն, այլ անձերը, որ ապահով լինեն»:

Տան մասին. «Արդեն մեկ տարուց ավել է, ինչ Հայաստանում ենք և դա մեր ընդունած ամենալավ որոշումն է»

Ընտանիքը Հայաստան տեղափոխվելու մասին երբեք չի մտածել: Պատճառ չկար… գործ ունեին, տուն ունեին, ընկերներն ընտանիքի նման էին: Բայց հետո սկսեցին ավելի հաճախ Հայաստան գալ թե գործերով, թե հանգստանալու: «Շատ լավ եղավ դա: Սա մեր տեղն է, մենք այստեղին ենք պատկանում: Ամուսինս, երբ առաջին անգամ եկավ, ասաց` սարերին ինձ հետ խոսում էին»:

Սկզբում տարին մեկ անգամ էին գալիս Հայաստան, բայց հետո տարին մեկ անգամը դարձավ ամիսը մեկ անգամ: Դամասկոսում դեռ կռիվները չէին սկսել, որոշեցին Հայաստանում տուն գնել, որպեսզի երեխաներն իրենց զբոսաշրջիկ չզգան: Զգան, որ իրենց տունն ունեն. «Այդ ժամանակ երեխաները շատ փոքր էին` 10-12 տարեկան էին և վարժվեցին, իսկ հիմա արևելահայերեն ավելի հեշտ են խոսում, քան ես»:

Երբ Դամասկոսում վիճակը սկսեց լարվել, որոշեցին հեռանալ, քանի դեռ ավելի վատ չի եղել: Սկզբում որոշեցին գնալ Լիբանան, մտածում էին` երեխաները հնարավոր է ուսման և լեզվի հետ կապված խնդիրներ ունենան Հայաստանում: Փոխադրվեցին Բեյրութ, բայց մեկ ամիս էլ չդիմացան:

«Ասացինք` այս տեղը մեզ համար չէ, մենք պիտի Հայաստան գնանք, նույնիսկ եթե դժվարություններն ավելի շատ են: Ավելի հեռու էր Դամասկոսից, ավելի հեռու էինք մեծ մամայից, ավելի հեռու էինք ընտանիքից: Բայց վնաս չունի, մենք արդեն շատ կապված ենք Հայաստանի հետ, դժվարությունները կհաղթահարենք: Եվ մեկ օրվա մեջ որոշեցի, որ պիտի գանք: Մենք չենք մնա Լիբանանում: Ամուսինս այստեղ` Հայաստանում էր, զանագեցի, ասացի` մի արի, մենք ենք գալիս: Վերցրեցի երեխաներին ու եկանք: Արդեն մեկ տարուց ավել է, ինչ Հայաստանում ենք և դա մեր ընդունած ամենալավ որոշումն է: Սխալ էր մեր որոշումը Բեյրութ գնալու, չկարողացանք այնտեղի կյանքին վարժվել: Մենք այստեղ ավելի ուրախ ենք, ավելի հանգիստ ենք: Կարևորը, որ մեր երեխաները շիտակ մթնոլորտում են մեծանում, ճիշտ դպրոց են գնում ու բոլոր այն դժվարություները, որ սպասում էինք, թե կլինեն, հաղթահարված են»,- պատմում է Սիլվիան և ընդգծում է, որ Հայաստան գալու որոշումն ավելի շուտ երեխաներինն էր:

Դուստրն ավելի զգայուն է, խիստ հուզվում է, երբ Դամասկոսի մասին են խոսում, հատկապես, որ մեծ մայրն ու ընտանիքի մեծ մասն այնտեղ են: Երեխաները Դամասկոսում են մեծացել, շատ են կապված: Տղան էլ է հուզվում, բայց երբ մայրը տղային հարցնում է` «որտեղ է տո՞ւնը, որն է տո՞ւնը», նա պատասխանում է «այստեղ է տունը»:

«Զարմանում եմ, ինքը եղավ մեկ տարի է այստեղ, իր կյանքի 16 տարին Դամասկոսում է ապրել, ինձ ասում է` այստեղ է մեր տունը: Աղջիկս ասում է` այստեղ էլ է տուն, այնտեղ էլ, տղաս հակադարձում է` չէ, մեր տունն այստեղ է: Մի հետաքրքիր դեպք պատահեց, որ կուզենամ պատմել: Դեռ երկու-երեք ամիս է, ինչ այստեղ ենք, մեքենայով գնում էինք, ես վարում էի, տղաս կողքիս էր նստած: Եվ չեմ ուզում հարցնել` ինչպե՞ս է այստեղ, սիրո՞ւմ ես Հայաստանը… անցնում էինք կոնյակի գործարանի մոտով, ներքևում հին տներ էին, տեսարանը, անկեղծ ասած, այնքան էլ գեղեցիկ չէր: Շրջվեց ինձ ու ասաց` գիտե՞ս մամ, Երևանն աղվոր է: Ասացի` շատ լավ»,- Սիլվիան ժպտում է և հավելում, որ երեխաների համար կարևոր չէ արտաքին տեսքը, կարևորը, որ հայրենիքի զգացողություն կա:

Կիսված հայրենիքի, օտարին թողած տան, գաղթականության ու Անդանայից եկած պապերի մասին

Սիլվիայի ծնողներն արմատներով Ադանայից են եղել: «Ընտանիքում շատ բան չէինք խոսում… Ադանա, Մարաշ: Շատ բան չգիտեի մինչև մեծանալս: Մեծ հայրս Ադանայում հայտնի ջրաղաց սարքող է եղել, ատաղձագործ էր: Ադանայի մեջ շատ սիրված են եղել: Ցեղասպանության ժամանակ հարևանները նրանց թաքցրել են իրենց տանը, ջարդերի ժամանակ չեն գնացել Ադանայից: Հետո որ դուրս են եկել, տեսել են, Ադանայում հայ չի մնացել, որ իրենց տնից էլ ոչինչ չի մնացել, գնացել են Եգիպտոս: Ճանապահին մեծ հայրս եղբայրներից մեկին կորցրել է, տասը տարի հետո գտել է Կիպրոսում` Նիկոսիայում: Եգիպտոսից մեծ հայրս հասել են Բեյրութ, շատ աղքատ են եղել, հիվանդություններ, սով: Այստեղ հայրս քրոջն է կորցրել, նա մահացել է հիվանդությունից: Հետո կամաց կամաց սկսել են ոտքի կանգնել: Հայրս արդեն Բեյրությում է ծնվել»,- պատմում է նա:

Սիլվիայի տղային վերջերս շարադրություն են հանձնարարել, թեման` «Ո՞վ ես դու»: Տղան գրել է, որ ինքը 4-րդ սերնդի գաղթական է. «Մեր պատմությունն էր… որ, դժբախտաբար, գաղթենք, թողնենք մեր ունեցածը` տունը և այն ամենն, ինչ ստեղծել ենք: Գնանք ուրիշ տեղ և նորից սկսենք: Ուզում ենք, որ այս շրջանը կանգ առնի: Դրա համար ասացինք Հայաստանն ամենալավ տեղն է, որտեղ այս վատ շրջանը, գաղթականությունը կարող է ամփոփվել… այն գաղթական վիճակը, որի մեջ գտնվում ենք մենք` հայերս: Միշտ զգում ենք, որ մենք մեկ տեղի չենք պատկանում: Նույնիսկ Դամասկոսում եղած իդեալական պայմաններում մենք զգում էինք, որ մուսուլմանների մեջ ենք ապրում, այդ 100 տոկոս հայկական կյանքը չէինք ապրում»,- ասում է նա և հավելում, որ ուրիշի երկրում միշտ օտար ես:

Սա է պատճառը, որ Սիլվիայի ընտանիքը ձգում է դեպի Հայաստանը, դեպի ՀԱՅՐԵՆԻՔԸ: Դժվարությունները շատ են, ճիշտ է, բայց դրանք ամեն տեղ են, ասում է նա ու ընդգծում. «Կարևորն այն է, որ մարդը քո նման է, քո մշակույթն է, քո բառը… Չզգաս քեզ օտար, չզգաս, որ դու հյուր ես: Փառք Աստծո, ես իմ անկախ երկիրն ունեմ, ինչո՞ւ թողնեմ գնամ»: