ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության արդյունքում կողմերի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում նոյեմբերի 20-ին կմեկնարկի Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր անձ 6 ամսվա ընթացքում ստանալու է ամսական 16.2 կգ պարենամթերք: Ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը: Ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները կատարվել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Սփյուռքի նախարարության, ՄԱԿ-ի գործընկերների և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների («Առաքելություն Հայաստան», Հայ օգնության միություն և այլն) հետ սերտ համագործակցությամբ:
Ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունը «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն է, որն օգնությունը բաժանելու է ՀԿ-ում ծրագրի համար արձանագրված սիրիահայերին: