Ժիրայր Րէիսեան

Ժիրայր Րէիսեան

1in.am – Վերջին շրջանում Սիրիայի առևտրային Հալեպ քաղաքում խաղաղ բնակչությունը հայտնվել էր ապստամբ զինյալ խմբավորումների թիրախում: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հալեպի «Բերիո» թեմի բանբեր Ժիրայր Ռաիսյանը, Սիրիայում բանակը որոշ առաջխաղացում է արձանագրել, ինչի պատճառով ավելի ագրեսիվ են դարձել ընդդիմադիրները. «Երբ բանակը ընդդիմադիր կողմին նեղ կացության մեջ է դնում և առաջխաղացում ունենում, ընդդիմադիրները փորձում են հակադարձել նմանօրինակ ռմբակոծություններով»:

Ժիրայր Ռաիսյանի փոխանցմամբ՝ մի քանի օրվա ընդմիջումից հետո երեխաներն այսօր արդեն սկսել են դպրոց հաճախել, մարդիկ անցել են իրենց բնականոն աշխատանքին, սակայն Հալեպում որևէ մեկը ապահովագրված չէ ռմբակոծություններից. «Եթե որևէ վտանգ պատահի, կլինի անակնկալ, և հատկապես այս անակնկալ ռմբակոծություններն են մարդկային ու նյութական վնասներ պատճառում»:

Ռմբակոծությունների արդյունքում քաղաքում էլ ավելի են սրվել տեղաշարժվելու, էլեկտրամատակարարման և ջրի խնդիրները: Արկերից վնասվել են էլեկտրալարերը, ինչպես փաստեց պրն Ռաիսյանը՝ օրվա մեջ շատ քիչ է տրվում էլեկտրականություն, վնասված են նաև ջրի խողովակները. «Շատ դժվար է դարձել սննդամթերքի հարցը, եղածը շատ թանկ է, իսկ նրանք, ովքեր մնացել են, այդքան գումար չեն կարողանում հայթայթել»:

Բացի այդ, նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 14-ին Հալեպի կենտրոնում՝ Մունշիեի շրջանում, հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել էր ազգությամբ հայ 47-ամյա Գևորգ Պողոսյանը, իսկ նոյեմբերի 13-ին Հալեպի հայաշատ Վիլլաներ թաղամասը ենթարկվել էր հրթիռակոծման, ինչի հետևանքով վիրավորվել էր 5 հայ։

Ինչպես փաստեց պրն Ռաիսյանը, բնական է, որ մարդիկ չեն կարող տանը նստել, դուրս են գալիս՝ հույսը դրած Աստծո վրա: