ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Սուրբ Թարգմանչաց ճեմարանը սուգ է հայտարարել իր սաների նահատակման համար և երեք օր չի գործի: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ճեմարանի պաշտոնական կայքից: Դամասկոսում նախօրեին զոհված հայ աշակերտ Հովհաննես Աթոքանյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 12-ին` Դամասկոսի ժամանակով 15:00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում: Տեղի ունեցած դժբախտության վերաբերյալ Դամասկոսի թեմի առաջնորդ Տեր Արմաշ սրբազան Նալբանդյանը դատապարտել է անմարդկային արարքը:
Դեպքի առնչությամբ այսօր չի գործում նաև Դամասկոսի Ազգային միացյալ վարժարանը:
Դամասկոսում նոյեմբերի 11-ի ժամը 13:30-ի սահմաններում չորս հրթիռ է ընկել Բաբ Շարկի թաղամասում գտնվող Ս. Սարգիս եկեղեցու կից Ս. Թարգմանչաց ճեմարանի մերձակայքում: Դեպքը տեղի էր ունեցել աշակերտների դպրոցից դուրս գալու ժամանակ: Հրթիռներից երկուսն ընկել էին ճեմարանին պատկանող երկու ավտոբուսների վրա, մյուսը՝ դպրոցի դարպասի մոտ: Ավտոբուսներից մեկի մոտ ընկած հրթիռի բեկորներից զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 4 աշակերտներ, որոնցից մեկը վեցամյա Հովհաննես Աթոքանյանն է, երեքը արաբներ, իսկ մյուս զոհը ավտոբուսի վարորդն է: Մոտ տասը վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց: Դեռ տեղեկություններ չեն հաղորդվում, թե նրանց թվում քանի հայ կա: Դժբախտ պատահարը ճեմարանի սաների մեջ ահ ու սարսափ է տարածել՝ միևնույն ժամանակ ցնցելով ողջ սիրահայությանը: