ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (ՓԳՀԳ) և «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության իրականացրած ձմեռնամուտի ծրագրից օրական օգտվում է 55-60 ընտանիք: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Առաքելություն Հայաստան» բարեգործական ընկերության փախստականներին ծառայություններ մատուցող ծրագրի սոցծառայության պատասխանատու Տատյանա Դաշյանը, ձմեռնամուտի ծրագրից օգտվող յուրաքանչյուր ընտանիքի շաբաթական մեկ անգամ հատկացվում է 1-ական լիտր կաթ ու մածուն և 0,5-ական կիլոգրամ պանիր ու թխվածքաբլիթ: «Այս օգնությունից օգտվում են 160 սիրիահայ ընտանիքներ, որոնք բազմանդամ են և ունեն 3-10 տարեկան երեխաներ: Նրանք գալիս են Ավան Առինջի թիվ 56 մանկապարտեզ, որտեղ մենք տեղակայել ենք ինտեգրման փոքրիկ կենտրոն: Նրանց հասանելի օգնությունն ստանալու համար այդ ընտանիքները կարող են գալ շաբաթական մեկ անգամ` 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, սակայն իրենց հայրենակիցներին ու մտերիմներին հանդիպելու և զրուցելու համար նրանք կարող են այնտեղ գալ ամեն օր»,-ասաց Տատյանա Դաշյանը:
Կենտրոնն արդեն 7 օր է` աշխատում և սպասարկում է միայն մայրաքաղաքում բնակվող սիրիահայերին:
ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը տեղեկացրեց, որ ինտեգրման կենտրոններն արդյունավետ են այնքանով, որ մարդիկ կարողանում են հավաքվել, հանդիպել, զրուցել ու փոքրիկ «համայնքներ» ստեղծել: Այդպիսով նրանք հասկանում են, որ միայնակ չեն իրենց վշտի մեջ ու այն վշտակցող ունեն: «Այս կենտրոններում շփման արդյունքում սիրիահայերը կարողանում են նաև աշխատանք գտնել: Նրանք միմյանց տեղեկացնում են, թե որտեղ են ընդունվել աշխատանքի և «շղթայական» իրար տանում են աշխատանքի տեղավորվելու»,- նշեց նա:
ՄԱԿ-ի ՓԳՀԳ-ի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության նպատակն է ստեղծել նմանատիպ մեկ կենտրոն ևս, որպեսզի կենտրոններում կուտակումներ չառաջանան և դրանք հեշտ հասանելի լինեն քաղաքի տարբեր մասերում ապրող սիրիահայ ընտանիքների համար:
Այս պահին Հայաստանում ապրում է մոտ 11 հազար սիրիահայ, ովքեր բնակարանային և աշխատանքի հարցերով մշտապես կապի մեջ են ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Մոտ երկու տարվա ընթացքում ավելի քան 16 հազար սիրիահայ է եկել Հայաստան, իսկ հետո նրանց մոտ 1/3-ը վերադարձել է Սիրիա, մի չնչին մասը` մեկնել Եվրոպա: Աշխատանքի խնդրանքով Սփյուռքի նախարարություն է դիմել 1000-ից ավելի սիրիահայ, և բոլորն ապահովվել են աշխատանքով, հետագայում աշխատանքի հրավիրելով նաև իրենց հարազատներին ու մտերիմներին: